Մեկուսացում կղզում
Ներկայումս ես իմ փորձի փոխանակման նախագիծն եմ իրականացնում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնում, որի շրջանակներում փորձում եմ մի շարք հանրային սեմինարներ և մեկօրյա համագումար կազմակերպել: Այս միջոցառումների շարքից առաջինը կայացավ մարտի 23-ին ինստիտուտի գրադարանում, որի ընթացքում ես ներկայացրի իմ նախկին հետազոտությունը, որն իրականացրել եմ Թուրքիայում 5 տարվա ընթացքում: Իմ զեկույցը կրում էր «Մեկուսացում կղզում. Ժամանակակից Ստամբուլում հայերի՝ համայնք ստեղծելու գործընթացների մասին» խորագիրը. վերջինս ուղղակիորեն հղում է կատարում Ֆրան Մարկովիթզի՝ 1993թ.-ին տպագրված նույնատիպ աշխատությանը՝ «Մեկուսացված համայնք»-ին: Իմ զեկույցի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է հատկապես ամռանը գերիշխող հայ բնակչություն ունեցող Ստամբուլից դուրս գտնվող փոքրիկ կղզու՝ Քընալըադայի ֆիզիկական տարածքը հիմք հանդիսանում հավաքական կապվածության համար: Այս նպատակով նախ և առաջ ես կղզու համայնքը փորձեցի հարաբերել Ստամբուլի ավելի մեծ հայ համայնքի հետ: Այնուհետև համեմատականներ անցկացրի կղզիաբնակների և Թուրքիայի այլ ոչ մուսուլման համայնքների միջև, ինչպես նաև այդ կղզու և Ստամբուլի (և ոչ միայն) մյուս կղզիների միջև: Ուշադրություն էի դարձրել ընդհանուր առմամբ Թուրքիայի և մասնավորապես կղզու համատեքստում «yerli» (տեղացի, բնիկ) և «yabancı» (օտար) եզրույթների դիտարկմանը, քանի որ դրանց առօրյա սահմանումները արտահայտում են երկրի ոչ մուսուլման և ավելի լայն քաղաքականության ստիգմատիզացիան: Ուստի իմ զեկույցում ես նաև անդրադարձա Թուրքիայում ազգակազմավորման գործընթացին, ինչպես նաև տեղայնացված հավաքական կապվածության վրա դրա ունեցած ազդեցությանը, ինչպես օրինակ կղզու համատեքստում:
Ես շատ ուրախ էի, որ սեմինարին գրեթե ազատ նստատեղ չեր մնացել, և մասնակիցները ուշադրությամբ հետևում էին զեկույցին: Թեև ես նախապես պլանավորում էի զեկույցը ներկայացնել մեկ ժամում, այն իրականում տևեց երկու ժամ, ինչը նման միջոցառման համար անսովոր երևույթ է: Ես շատ շնորհակալ եմ իստիտուտի աշխատակիցներին՝ այս սեմինարի կազմակերպման հարցում ինձ օժանդակելու համար, ինչպես նաև մասնակիցներին՝ իրենց՝ հաճախ մարտահրավեր նետող հարցերի համար: Հաջորդ սեմինարը նախատեսված է կազմակերպել ս.թ. մայիսի առաջին շաբաթվա ընթացքում: