Հասմիկ Հովհաննիսյանին՝ Երևանից, տրամադրվել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն արևմտահայ գրողներ Գրիգոր Զահրապի և Զաբել Եսայանի գործերի վրա հիմնված գրաֆիկական նովելներ շարքի վրա աշխատելու նապատակով Ստամբուլ այցելության համար:
«Պիտի նշեմ, որ մի քանի խոստումնալից հանդիպումներ ունեցանք, որոնք ապագայում կարող են վերածվել մեծածավալ մշակութային համագործակցության: Օրինակ, արևմտահայ հեղինակների աշխատանքների հիման վրա ստեղծած մեր գրաֆիկական վեպերը թուրքերեն թարգմանելը և դրանք հրատարակելը: Այդպես ոչ միայն Թուրքիայի հայերը, այլ նաև ողջ թրքախոս հասարակությունը (և մեր դեպքում թիրախը երիտասարդներն ու դեռահասներն են) կունենան հնարավորություն բացահայտելու հայ հեղինակների ստեղծագործությունները գրաֆիկական վեպերի և կոմիքսների միջոցով: Հավատում եմ, որ միմյանց գրականությանը և մշակույթին ծանոթանալը իրար առավել լավ ճանաչելու և հարաբերությունները կարգավորելու համար կարևոր քայլ է»: