ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Haberler

Օսմանագետների խումբը այցելեց Հայաստանի տարբեր հաստատություններ և համալսարաններ

Published on 21/07/2017 under Uncategorized

Օսմաներեն լեզվի, գրականության և պատմության 5 մասնագետներից բաղկացած խումբը Թուրքիայից այց կատարեց Հայաստան 2017 թմայիսի 30-ից հունիսի 2-ը՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շրջանակներում, որն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ՝ շնորհիվ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության։  

Այցի նպատակն էր փոխանակման հնարավորություն ստեղծել երկու երկրների մասնագետների միջև, ովքեր հետաքրքրված են օսմաներեն լեզվով, գրականությամբ և պատմությամբ՝ բացահայտելու ընդհանուր կարիքներն ու համագործակցության հնարավոր ոլորտները։ Խմբում ներառված էին պատմագետներ, լեզվաբաններ և գրականության մասնագետներ, ովքեր դասավանդում են օսմանագիտություն և թուրքագիտություն Ստամբուլի Բիլգի համալսարանում, Ստամբուլի Շեհիր համալսարանում, Քոչ համալսարանում, Սաբանչը համալսարանում և Յըլդըզ Տեխնիկական համալսարանում։

Ծրագրի ընթացքում մասնակից դասախոսներն այցելեցին Հայաստանում մի շարք կարևոր հաստատություններ և համալսարաններ, որոնք արդեն իսկ ակտիվորեն աշխատում են և/կամ հետաքրքրված են օսմանագիտությամբ, ինչպես նաև ունեցան կլոր-սեղան քննարկում։  

Ծրագիրը սկսվեց «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ կատարած այցով, որտեղ խումբը ծանոթացավ հիմնական ցուցադրությանը, ինստիտուտի կառուցվածքին և ձեռագրերի հավաքածուին։ Մասնակիցները հանդիպում ունեցան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և վարչական անձնակազմի հետ։ Քննարկման գլխավոր թեմաներից էր ինստիտուտին անհրաժեշտ օսմաներեն լեզվի և գրականության  մասնագետների հարցը, քանզի ինստիտուտն ունի բազմաթիվ օսմանալեզու ձեռագրեր, որոնք անհրաժեշտ է ցուցակագրել և ուսումնասիրել։ Թուրքիայից ժամանած խումբն առաջարկեց իր օգնությունը՝ կազմակերպելու օսմաներեն լեզվի դասընթացներ Մատենադարանի աշխատակազմի համար։ Որպես առաջին քայլ՝ այցի ընթացքում կազմակերպվեց օսմաներենի ներածական դասընթացներ Մատենադարանի 10 աշխատակցի մասնակցությամբ,  ինչը թույլ տվեց ավելի լավ պատկերացնել ինստիտուտի համար մշակվող հատուկ մոդուլի նախագիծը։

Հայաստանում թուրքագիտության/օսմանագիտության վիճակի մասին պատկերացում կազմելու և համագործակցության ուղիները քննարկելու համար խումբն այցելեց նաև Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոն։ Հանդիպման ընթացքում ամբիոնի վարիչը և աշխատակազմը ներկայացրեցին Երևանի պետական համալսարանի օսմանագիտության մասնագետների կողմից կազմված հրատարակությունները և քննարկեցին առաջիկա գործողություններն ու համագործակցության հնարավորությունները՝ ներառյալ նյութերի և  աղբյուրների փոխանակումը։

Խումբը հանդիպում ունեցավ նաև Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտնականների հետ և ծանոթացավ ինստիտուտի գործունեությանն ու հրատարակություններին, որից հետո քննարկվեցին համագործակցության հնարավորությունները՝ ներառյալ համատեղ հետազոտությունների անցկացումն ու հետազոտողների փոխանակումները։

Մասնակից դասախոսներին հյուրընկալեցին նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, պրոֆեսորները և ֆակուլտետի անդամները։ Հանդիպման ընթացքում Թուրքիայից ժամանած դասախոսները ծանոթացան համալսարանի պատմությանը, դասախոսական կառուցվածքին և կուրսերին։ Խումբը ծանոթացավ նաև ՀԱՀ-ի Թվային գրադարանին, որը թվայնացնում և արխիվավորում է հայ գրականության նյութերը։ Մասնակիցները համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ ուսանողական փոխանակումները, Թուրքիայից մասնագետներ հյուրընկալելու հարցը և գրադարանների միջև փոխանակումները։

Խումբը հյուրընկալվեց նաև Հայաստանի ազգային գրադարանում։ Քննարկվեցին համագործակցության հեռանկարները, գրքերի հավաքագրման գործընթացին նպաստելու և օսմանալեզու փաստաթղթերի ուսումնասիրության հարցը։

Այցի ընթացքում մասնակից դասախոսները հնարավորություն ունեցան այցելել Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ ծանոթանալով հայկական նորագույն ժամանակաշրջանի արվեստի, գրականության և կինոյի պատմությանը։ Ցուցադրության միջոցով մասնակիցներին ներկայացվեց հայերի ներդրումը Օսմանյան կայսրության մշակութային կյանքում։ Թանգարանի տնօրենի և աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նշվեց այն մասին, որ թանգարանում պահվում են օսմանալեզու փաստաթղթեր և այլ նյութեր, որոնք խորությամբ չեն ուսումնասիրվել այս ոլորտի մասնագետների պակասի պատճառով։

Խմբի կարճատև այցելությունն ամփոփվեց Հայաստանի ազգային գրադարանում անցկացված կլոր-սեղան քննարկմամբ, որին մասնակցում էին գիտնականներ, դասախոսներ և ուսանողներ Հայաստանի տարբեր համալսարաններից և հաստատություններից, ովքեր մասնագիտացած են թուրքագիտության, օսմաներեն լեզվի, գրականության և պատմության մեջ։ Կլոր-սեղանի ընթացքում մասնակիցները քննարկեցին Հայաստանի և Թուրքիայի գիտական շրջանակների միջև ավելի սերտ համագործակցության անհրաժեշտության հարցը և հորդորեցին շարունակական շփումներն ու հետագա հանդիպումները։

Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ՝ շնորհիվ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության: