ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Ապրիլ Ամսվա Իրադարձություններ

Սփյուռքը և «սփյուռքաբնակները». սփյուռքի ձևավորման ուսումնասիրության նոր մոտեցումներ

Այքութ Օզթյուրք

2018թ.-ի ապրիլի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց միջազգային գիտաժողով, որ ես նախաձեռնել էի իմ հյուրընկալող կազմակերպության՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի աշխատակիցների հետ միասին:

Գիտաժողովին 5 ակադեմիկոս, այդ թվում նաև ես, ներկայացրին աշխատանքներ սփյուռքի տարբեր ձևավորումների և փորձառությունների վերաբերյալ: Սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Ռուբեն Կարապետյանը իր ողջույնի խոսքով բացեց գիտաժողովը: Ես հանդես եկա տեսության և հետազոտության վրա հիմնված ներածական խոսքով՝ փորձելով ներկայացնել այն տարբեր ընկալումները, որ առկա են սփյուռքի և այն մարդկանց շուրջ, ովքեր իրենց սփյուքաբնակ են համարում: Բանախոսների շարքում էին նաև Հրագ Փափազյանը (Oxford), Խորեն Գրիգորյանը (ՀՀ ԳԱԱ), Արսեն Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ) և Զոի Գուդմանը (SOAS): Գիտաժողովի առանցքային ելույթներից էր Սիրանույշ Դվոյանի (AUA)՝ ֆրանսահայկական գրականության մեջ կորստի արտահայտման վերաբերյալ աշխատությունը:

https://armenianweekly.com/2018/04/11/diversifying-the-definition-of-diaspora/

This slideshow requires JavaScript.

 

Հայոց պատմության եւ մշակույթի թեմայով սեմինար

Աստղիկ Կարապետյան

Ապրիլի 14-ին ես անցկացրեցի սեմինար՝ նվիրված Հայաստանին: Ես անդրադարձա հայոց պատմությանը, կրոնի պատմությանը, այբուբենի ստեղծմանն ու հայերենի առանձնահատկություններին: Այս սեմինարի նպատակն էր ներկաներին հնարավորինս  ծանոթացնել հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին:

Խորին շնորհակալությունս եմ հայտնում Քարակութու ասոցիացիային և Հրանտ Դինք հիմնադրամին ինձ աջակցելու համար:

This slideshow requires JavaScript.

 

«Ստամբուլ ժամանելուց հետո ես սկսեցի իմ ակադեմիական և արտաժամյա գործունեությունը իմ հյուրընկալող կազմակերպությունում՝ որպես Հրանտ Դինք հիմնադրամի Փորձի փոխանակման նախագծի մասնակից:»

Երվանդ Աբրահամյան

Ստամբուլ ժամանելուց հետո ես սկսեցի իմ ակադեմիական և արտաժամյա  գործունեությունը իմ հյուրընկալող կազմակերպությունում՝ որպես Հրանտ Դինք հիմնադրամի Փորձի փոխանակման նախագծի մասնակից: Ներգրավվեցի նաև «Istanbul&I» երիտասարդական կազմակերպությունում, որի անդամների շարքում կան տարբեր մշակույթներ ներկայացնող և տարբեր լեզուներով խոսող մարդիկ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Ստամբուլում ապաստան փնտրող երիտասարդների կրթության և ինտեգրման վրա: Փախստականներին կացարանով ապահովելու համար՝ կազմակերպությունը կազմակերպում է մշակութային կամ hանրային քննարկումներ ու միջոցառումներ՝ նվիրատվություններ հավաքելու նպատակով: «Istanbul&I»-ի ներկայացուցիչները առաջարկեցին հայկական մշակույթի երեկո անցկացնելու գաղափարը, որը պլանավորվեց 2018թ.-ի մարտի 16-ին: Հիմնական նպատակն էր ներկայացնել և մարդկանց ավելի իրազեկ դարձնել հայկական մշակույթի և ժառանգության մասին: Ավելի քան 70 հոգուց բաղկացած մեր լսարանում  կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ` տեղացիներ, ամերիկացիներ, եվրոպացիներ, Միջին Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկների ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում հանդիսատեսին հարցրեցինք, թե ինչ գիտեն նրանք Հայաստանի մասին կամ լսել են երբևէ դրա մասին: Հաշվի առնելով երկրի փոքր տարածքը և համեմատաբար վերջերս ձեռք բերած անկախությունը՝ Հայաստանն այնքան էլ հայտնի չէր, և զարմանալի չէ, որ երկրի մասին հիմնականում տեղեկություն ունեին տեղացիները: Միջոցառման կազմակերպման առաջնային նպատակն էր հնարավորինս շատ մարդկանց ներկայացնել հայկական մշակույթը՝ խուսափելով ցանկացած քաղաքական հայտարարություններից կամ ենթատեքստից:

Միջոցառման կարգախոսն էր «Հայաստան. Նոյի երկիր»` նկատի ունենալով Արարատ լեռն ու Նոյան տապանը և կապը քրիստոնեության ու hայոց պատմության հետ: Մենք սկսեցինք  մշակույթի և պատմության վերաբերյալ փաստերի հակիրճ ներկայացմամբ: Միջոցառմանը ժամանցային մթնոլորտ հաղորդելու նպատակով որոշեցինք անգլերեն լեզվով թարգմանել հայերեն որոշ արտահայտություններ և խնդրել մեր հյուրերին փորձել բացատրել դրանց իմաստը: Օրինակ` «Ցավդ տանեմ» կամ «Ջիգյարդ ուտեմ»: Իհարկե, դրանք ոչ մի իմաստ չեն արտահայտում անգլերենով և մեր հյուրերի համար դրանք ծիծաղելի և ինչ-որ չափով անհեթեթ էին: Միջոցառման ավարտից հետո, մարդիկ, ովքեր ներկա էին, մեզ գրում և հարցնում էին սոցիալական ցանցերով այդ արտահայտությունների իմաստների, օգտագործման և ծագման մասին: Այնուհետև մենք ներկայացրեցինք ազգային պարեր, ինչպես օրինակ «Ծաղկաձորը», և իհարկե, «Քոչարին»: Հյուրերին հնարավորություն էր տրված փորձելու շարժումները և պետք է ասեմ, որ նրանց մոտ բավականին լավ էր ստացվում: Այնքան ոգևորիչ էր տեսնել տարբեր ազգությունների և տարբեր մշակույթների տեր մարդկանց հայկական ավանդական երգերի ներքո համերաշխ և ներդաշնակ կերպով պարելը: Ի հավելումն այս ամենի՝ մենք որոշեցինք ներկայացնել «Կենաց ծառի» խորհուրդը, որն ըստ Աստվածաշնչի խորհրդանշում է կյանքի ուղին`օրորոցից մինչ պտղաբերություն, ինչպես նաև անմահության հասնելու գաղափարը: Մենք պատրաստել էինք նաև հայկական դրոշի գույները խորհրդանշող կարմիր, կապույտ, ծիրանագույն ժապավեններ և  խնդրեցինք մեր հյուրերին երազանք պահել և դրանք կապել Կենաց ծառի ճյուղերից` նրանց խոստանալով, որ դրանք մենք կտանենք Հայաստան ու կկապենք իրական ծառերիի վրա: Այս ավանդույթը բոլորին շատ դուր եկավ:

Եվ, ի վերջո, ժամանակն էր ներկայացնելու հայկական  խոհանոցը: Փորձի փոխանակման նախագծի մյուս մասնակիցների օգնությամբ մենք պատրաստեցինք տոլմա, սպաս, գաթա և այլ ուտեստներ և ստացանք շատ դրական և հաճելի արձագանքներ: Մարդիկ նույնիսկ պատրաստման եղանակն ու բաղադրատոմսն էին հարցնում վերջում, սակայն, իհարկե, մենք չբացեցինք բոլոր գաղտնիքները՝ նրանց հետաքրքրությունը վառ պահելու և Հայաստան այցելելու համար:  Այս հրաշալի հնարավորությունն ինձ ցույց տվեց, թե որքան կարևոր է ներկայացնել հարազատ երկրիդ մշակույթն ու ավանդույթները որտեղ էլ որ լինես: Մեծ հաղթանակ եմ համարում այն, որ հանդիպեցինք նոր մարդկանց, ընկերացանք, ճանաչեցինք միմյանց և հետաքրքրություն սերմանեցինք դեպի Հայաստանը: Նրանցից ոմանք անգամ պատրաստակամություն հայտնեցին այցելել Հայաստան մոտ ապագայում: Ի վերջո, հենց սա է կարևոր՝ սահմաններից վեր գնալ, տարածել սեր և  փոխըմբռնում:

This slideshow requires JavaScript.