ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Փետրվարյան Իրադարձություններ

Հրանտ Դինքի գրասենյակ կատարած այցը – Արփենիկ Աթաբեկյան

Առաջին անգամ «Ակօս» խմբագրության շենք 2009 թ.-ին եմ այցելել: Միջանցքներն ու սենյակները լիքն էին թերթերով, գրքերով. մարդիկ աշխատում էին իրենց ամենօրյա ռիթմով: Ավելի ուշ հանդիպեցինք Հրանտ Դինքի դստերը, զրուցեցինք գեղեցիկ պատշգամբում:

Արդեն 2017 թ.-ն է և մենք՝ Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակիցներս, նորից գնում ենք «Ակօս»: 2015թ.-ի մարտին Հրանտ Դինք հիմնադրամը և «Ակօս» շաբաթաթերթը տեղափոխվել են նոր շենք՝ Անարատ Հղության շենքը, և այդ ժամանակից ի վեր  Հրանտ Դինք հիմնադրամը ջանքեր է գործադրում՝ «Ակօսի» նախկին շենքը և հատկապես Հրանտ Դինքի գրասենյակը  հուշավայրի վերածելու համար:

«Ակօսի» նախկին գրասենյակն ու Սեբաթ շենքը, որտեղ այն տեղակայված է, Թուրքիայի մարդկանց համար յուրահատուկ վայր է, քանի որ 2007 թ.-ի հունվարի 19-ին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին այդ շենքի դիմաց՝ հանուն արդարության: Այդ օրն ու հաջորդող տարիները վերածննդի նման էին մի շարք ծպտյալ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Այդ վերածննդից հետո էլ շատ անհատների մոտ սկսվեց ինքնության ճգնաժամ:

Հրանտ Դինքի գրասենյակ մտանք Նայաթի հետ. նայեցինք Դինքի նկարները, անձնական լուսանկարները և ուսումնասիրեցինք նրա գրադարանը: Նախնական փուլում Հրանտ Դինք հիմնադրամը փորձում է տարբեր ոլորտների և տարբեր մասնագիտության տեր մարդկանց ակնկալիքներն ու առաջարկություններն հավաքագրել: Քանի որ սենյակների մեծ մասը ներկայումս դատարկ է, Նայաթը խնդրեց մեզ հանդես գալ այդ սենյակների ձևավորման ու հնարավոր գործառույթների  վերաբերյալ գաղափարներով և առաջարկություններով: Մեզանից շատերս եղել էինք  Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի տարբեր քաղաքներում գտնվող նմանատիպ թանգարաններում ու հուշահամալիրներում: Միասին քննարկեցինք այդ վայրերի առանձնահատկությունները, և այդ քննարկումը անմիջապես լավ գաղափաների և ներշնչանքի առիթ տվեց: Ի վերջո, մենք բոլորս էլ եկանք այն ընդհանուր հայտարարին, որ առաջին հերթին «Ակօս» խմբագրատան նախկին գրասենյակում կուզենանք տեսնել այդ վայրի հիշողությունն ու պատմությունը:

Նայաթի հետ հետաքրքիր քննարկումից ու մտքերի փոխանակումից հետո բոլորս որոշեցինք, որ մենք, այսինքն՝ ապագա այցելուներս, կցանկանայինք, որ այդ վայրը ոչ թե ողբի ու տառապանքի վայր լիներ, այլ մի վայր, ուր մարդիկ կիմանային բնակարանի պատմությունը՝ հիմնադրման օրից սկսած, և այն կդառնա փոխակերպման, ապագայի ու փոփոխության հույսի վայր:

Կարծում եմ՝ հիանալի ու միաժամանակ կարևոր նախաձեռնություն է, որ այս վայրը մոռացության չմատնվի, չհնանա ու չկորի տարիների ընթացքում, այլ որ այն վերածվի ապրող, շնչող, անկախ գոյություն ունեցող տարածքի: «Ակօսի» շենքը կարող է վերածվել հուշավայրի, բայց զուգահեռ Հրանտ Դինք հիմնարդամի նոր շենքի, այն կարող է նաև լինել փոքր սեիմնարների, կինոդիտումների, հանդիպումների ու ելույթների վայր:

Այսօր գեղեցիկ Սեբաթ շենքը ծածկված է կանաչ «քողով», բայց հույս ունենք, որ մոտ ապագայում այն կհանվի, և մենք կմտնենք Հրանտ Դինքի հուշավայր՝ հիշատակելով նրան և ապագայի հանդեպ հույսով լցվելով:

 

Կարճ այց դեպի Պոլսի Հայոց Պատրիարքարան

Պոլսի Հայոց Պատրիարքարանի նկուղ մտնելիս առաջին բանը, որ աչք է զարնում, Ուխտի տապանակին նմանվող մի սարք է: Ի վերջո, կրոնական հաստատությունում էինք գտնվում.  չէ՞ր կարող արդյոք աստվածաշնչյան այդ կորուսյալ առարկայի վերջին հանգրվանը հենց այստեղ լինել: Հետաքրքիր կլիներ դարեր անց այն գտնել՝ հայկական եկեղեցում բացահայտ կերպով պահված: Նման էր տապանակին. քառակուսի մի տուփ էր՝ չորս բռնակով, բայց մի կողմում ուներ մի կեռ  բռնակ ևս, դեպի դուրս ուղղված երկար փող, իսկ ներքևում մի գալարված խողովակ:

Վաղարշակ Սարկավագ Սերոբյանը՝ մեր այդ օրվա  առաջնորդը, ժպիտը դեմքին, բացատրեց այդ սարքի բուն գործառույթը. այն հին հրշեջ մեքենա էր: Պոլիսը հայտնի էր իր՝ փայտյա տների հրդեհներով (պատահական չէ, որ Մխիթարյան հայրերը Վենետիկում 1831 թ.-ին իտալերենից հայերեն են թարգմանել հրշեջման ուղեցույց, որին կարելի է ծանոթանալ Վաշինգտոնում Կոնգրեսի Գրադարանի կողմից կազմակերպած այս առցանց ցուցահանդեսի միջոցով🙂 Հրշեջների խմբերը գիշեր-ցերեկ պատրաստ էին «թուլումբա» կոչված այդ սարքը քարշ տալու: Այն պարզապես ձեռքի ուժով գործարկվող չորսոտանի ջրհան (պոմպ) է: Մեր դիմաց գտնվում էր բնօրինակ այդ սարքը՝ առյուծի ու վագրի որսորդական նկարներով, արծվի պատկերներով զարդարված, վրան նկարողի  և նրա հաճախած եկեղեցու անունները և նրա ստորագրությունը: Իսկապես ուշագրավ նմուշ էր:

Թուլումբան մի կողմ, Պատրիարքարանում ցուցադրվող նյութերի մեծ մասը սպասվածի պես եկեղեցական իրեր էին՝ կղերական հագուստ, թագեր, խաչեր, սկիհներ, գավազաններ, մոմակալներ և այլն: Սրանք դարերից եկած հայկական վարպետության մնացորդներն են՝ մեծամասամբ Թուրքիայի կենտրոնական և արևմտյան շրջաններից վերապրած առարկաներ: Ավելի արևելյան շրջաններից փրկված առարկաները Էջմիածին են հասել, իսկ ավելի հարավային շրջաններինը՝  Լիբանանի Անթիլիասի Կաթողիկոսարան: Ոսկյա, արծաթյա և փայտե նյութերը ապակյա ցուցափեղկերում էին ցուցադրված, երբեմն էլ տարբեր նկարներ կամ առօրյա իրեր, ինչպես օրինակ՝ սպասք կամ հին կարասի, զարդարում էին հինգ սենյակներն ու միջանցքները:

Ինձ հարցնողին կասեի, որ ամենագրավիչ նյութերը հին գրքերն ու ձեռագրերն էին: Մարդածին իրերից արդյոք դրանք չե՞ն ամենագրավիչները: Իրենք իրենցից արվեստի գործ են ներկայացնում՝ իրենց մեջ պարունակելով հարուստ բովանդակություն և անգին ժառանգություն, փղոսկրյա կազմից կամ ոսկեզօծ գրերից շատ ավելի արժեքավոր: Պոլսի Հայոց Պատրիարքարանում կարդալու և բացահայտելու անհամար նյութ պետք է որ լինի:

Սակայն մեր՝ այնտեղ ացկացրած ժամանակը միայն մի առավոտ էր: Ուստի շուտով հայտնվեցինք վերևում՝ հիմնական շենքում, որն իր վերջնական տեսքը ստացել էր 1913 թ.-ին՝ մուտքի տպավորիչ սրահներով և դահլիճներով: Մտորումների մեջ ընկա, մի բան, որ հաճախ է հետս պատահում Պոլսում, թե  ուրիշ ո՞վ է հենց այս աստիճաններով բարձրացել, ուրիշ ո՞վ է մի ժամանակ Այվազովսկու այս հինգ գեղեցիկ  գործերով հիացել: Նորից գրություններ աչքիս ընկան՝ զվարճալի ձեռագիր «ֆիրմաններ» և սուլթանների ու պատրիարքների կողմից թելադրված ուրիշ պաշտոնական փաստաթղթեր՝ լի կղերականների կամ աշխարհիկների կնիքներով, զարդարված գունավոր աշխարհաչափական նախշերով:

Մենք՝ Հրանտ Դինք հիմնադրամի Փոխանակման նախագծի մասնակիցներս, այս քաղաքում ունենում ենք բազմապիսի փորձառություններ՝ սկսած մթերքների գնումից, մինչև մեր աշխատանքային հանդիպումներն ու գործերը, և իհարկե, աշխատում ենք գնահատել Պոլիսը հայկական անցյալի և ներկայի կյանքի տեսանկյունից, ինչն ամենավառ կերպով արտահայտված է հենց Հայոց Պատրիարքարանում:

Թուրքիայում հայկական եկեղեցու մասին ավելին իմանալու համար այցելեցեք turkiyeermenileripatrikligi.org  կայք (կայքէջը գործում է հայերենով և թուրքերենով):

 

Պարային ֆիլմի ցուցադրություն – Դույգու Բոսթանջըն

Փետրվարի 17-ին իմ հյուրընկալող կազմակերպությունում՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում, կազմակերպել էի պարային կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն։ Ֆիլմերն ընտրված էին SinemaDansAnkara փառատոնից, որն արդեն երեք տարի է, ինչ անց է կացվում Անկարայում։ Այս փառատոնի շնորհիվ հնարավորություն էի ունեցել դիտելու թուրքական ու արտասահմանյան բազմաթիվ պարային ֆիլմեր, ու քանի որ նմանատիպ ֆիլմեր դիտելու հարթակները շատ չեն, որոշեցի Երևանում էլ ցուցադրություն կազմակերպել։ Կարճ հետազոտության արդյունքում գտա նաև մի քանի հայաստանյան պարային ֆիլմեր: Մի խումբ մարդկանց հետ միասին դիտեցինք ֆիլմերը, այնուհետև քննարկում անցկացրինք։ Ցուցադրության ավարտին պատմեցի նաև իմ նախագծի մասին և ցանկացողներին հրավիրեցի մասնակցելու մեր փորձերին։ Ի պատասխան՝  մի կին մոտեցավ ինձ, ներկայացավ որպես պարուսույց ու ցանկություն հայտնեց մասնակցելու իմ պարային նախագծին։ Այսպիսով, այս ցուցադրության շնորհիվ ես գտա պարուսույց, ում հետ այժմ միասին աշխատում ենք։