ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Մասնակիցներ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ


ruzanna baghdasaryanՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ`
Ռուզաննան ավարտել է Երևանի պետական համալսարանը 2013 թվականին և մագիստրոսի կոչում ունի արվեստի պատմության բնագավառում: Սովորելու հետ միաժամանակ նա մասնակցել է արվեստի, հաշտեցման, կինոարտադրության և այլ դասընթացների ու սեմինարների:

2011 թ.-ին Ռուզաննան մասնակցեց Թուրք-Հայկական հարաբերությունների վերականգմանը վերաբերվող «Խոսելով միմյանց հետ» նախագծին, որը կազմակերպված էր Dvv International, Անադոլու Քյուլթյուր կազմակերպությունների և «Հազարաշեն» ազգագրական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից: Այս նախագծի շրջանակներում նա ստեղծեց լուսանկարչական պատմություններ, որոնք տպվեցին «Մուշ, քաղցր Մուշ» գրքում` http://www.dvv-international.de/files/moush__sweet_moush_web.pdf

2013 թ.-ի աշնանը նա սկսեց աշխատել HY pictures կինոարտադրության հայկական ընկերությունում՝ որպես պրոդյուսերի օգնական «Արմենիա կոմմեդիա» ֆիլմի նկարահանման ժամանակ, որի ռեժիսորն էր Աննա Կոնդոն: 2014 թ.-ի հունվարից նա HY pictures –ի «NolaLand» կոչվող երիտասարդական նախագծի գեղարվեստական ղեկավարն է:

Ռուզաննա Բաղդասարյանն այժմ Ստամբում է՝ որպես Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից, և հինգ ամիս է անցկացնելու Անադոլու Քյուլթյուր կազմակերպությունում: Ռուզաննան կօգնի կազմակերպչական հարցերում և «Արվեստ և ակտիվիզմ» նախագծի համար Հայաստանում կապեր հաստատելու գործում, որը կմիավորի արվեստագետների ու ակտիվիստների Թուրքիայից ու Հայաստանից:

 

sona dilanyanՍՈՆԱ ԴԻԼԱՆՅԱՆ` Սոնան ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության բաժինը և մասնակցել է ուսումնական ու հետազոտական ծրագրերում Միսսուրիի պետական համալսարանում (ԱՄՆ), Երուսաղեմի Եբրայական համալսարանում (Իսրայել), և Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա):

Սոնա Դիլանյանն այժմ Բողազիչի համալսարանի խաղաղության կրթության, կիրառման եւ հետազոտության կենտրոն է հաճախում՝ որպես Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից: Նրա ներկայիս հետազոտությունն ուղղված է կանանց դերի վրա հետ-պատերազմյան հաշտեցման գործընթացներում: Նա նաև աշխատում է Կոնֆլիկտի Ձևափոխման Իմեջին կենտրոնում՝ կատարելով տարբեր միջսահմանային երկխոսության նախաձեռնություններ Հարավային Կովկասում և այլ շրջաններում:

 

hayarpi hovhannisyanՀԱՅԱՐՓԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` Հայարփի Հավհաննիսյանը դիզայներ է: Նա ծնվել է Երևանում 1990թ.-ին: Հայարփին ավարտել է Մոսկվայի տպագրչական արվեստի պետական համալսարանի գծանկարչության ֆակուլտետը: Նրա ավարտական նախագծերից մեկը ինտերակտիվ գրքի ստեղծումն էր, որն ընդգրկում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի հավաքածուն: Ավարտելուց հետո նա ժամանակավորապես տեղափոխվեց Հայաստան` իր հետագա ծրագրերը հստակեցնելու համար:

Հայարփին ներկայումս Ստամբուլում է որպես Հրանտ Դինք հիմնադրամի նախաձեռնած Փորձի փոխանակման նախագծի մասնակից՝ Յըլդըզ տեխնիկական համալսարանի Արվեստի և դիզայնի ֆակուլտետում: Նա աշխատելու է թվային տպագրության ոլորտում: Գիրքը, որի վրա նա աշխատելու է, իրենից ներկայացնելու է ինտերակտիվ ուղեցույց Ստամբուլում հայկական տարածքների վերաբերյալ, բացի այդ ընթերցողները հեշտությամբ կկարողանան թերթել գրքի գլուխներն ու բաժինները: Գրքի բովանդակությունը կլինի քաղաքի ինտերակտիվ քարտեզը: Բովանդակության մաս կկազմեն նաև քաղաքի մասին փաստերը` ուղեկցված որոշ հավելյալ տեղեկատվությամբ`լուսանկարներով և տեսանյութերով:

Իր սեփական նախագծի վրա աշխատելուց զատ՝ նա նույն համալարանում մասնակցելու է լուսանկարչության դասընթացներին` որպես Օմեր Հալիլի օգնական: Ինտերակտիվ մեդիայի բաժնում նա դասավանդելու է Adobe After Effects հատուկ դասընթացը, որի ընթացքում ուսանողները կծանոթանան շարժողական դիզայնի (Motion Design) առանձնահատկություններին և կիրականացնեն իրենց սեփական նախագծերը: Դասընթացի նպատակն է փոխանցել նոր կրթական փորձառություն և զարգացնել մասնագիտական հմտությունները:

 

marianna hovhannisyanՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` Մարիաննա Հովհաննիսյանը ունի Արվեստագիտության բակալավրի աստիճան Հայկական բաց համալսարանի Կերպարվեստի ֆակուլտետից (2003-2007), որտեղ էլ՝ համալսարանն ավարտելուց հետո, երկարատև պրակտիկա է ծավալել: 2013-2014թթ. նա ստացել է «Գլոբալ արվեստներ» մագիստրոսի կոչումը Լոնդոնի Գոլդսմիթս համալսարանի Տեսողական մշակույթների բաժնում:

Մի քանի տարի շարունակ Հովհաննիսյանը ներգրավված է եղել Արվեստի համադրողների միջազգային ամառային դպրոցում (կազմ.՝ ԱԻԿԱ-Հայաստան, 2006-2009): 2008թ.-ին նա հաճախել է վեցամյա մասնագիտական համադրողական արվեստի դասընթացների (կազմ.՝ Ժամանակակից արվեստի թանգարան, Հայաստան): Նա նաև մասնակցել է «l’ École du Magasin» անկախ համադրողների վերապատրաստման ծրագրին (Ֆրանսիա, 2008-2009):

Հովհաննիսյանի հետաքրքրությունները ժամանակակից, հետազոտական համադրողական պրակտիկաների մեջ են՝ փոխկապակցված միմյանց հետ ստեղծագործական մեթոդների դերով: Նրա դիրքորոշումն իրազեկված է թե′ հետսովետական, թե′ արևմտյան փորձով՝ հետազոտելով արվեստի ու կրթության, արխիվ-պրակտիկա փոխհարաբերության ու գենդերացված տարածքները: Նրա համադրողական գործը ներառում է «2012—» ցուցահանդեսը (Գյումրիի միջազգային բիեննալե), «Արխիվ-պրակտիկա» հետազոտական նախագիծը (սկսած 2008-ից), և «Սովետական ԱգիտԱրտ. Վերականգնումներ» համագործակցական ցուցահանդես-նախագիծը:

Ներկայումս Հովհաննիսյանը Հրանտ Դինք Հիմնադրամի Փորձի փոխանակման նախագծի մասնակից է SALT Galata կազմակերպությունում: Իր նախագծի նպատակն է աշխատել արտասահմանյան պատվիրակությունների ամերիկյան ներկայացուցիչների խորհրդի հետ և SALT Galata-ի արխիվների հետ՝ որպես տեղեկատվություն Անատոլիայում գտնվող մի քանի քաղաքների 19-20-րդ դարերի կյանքը ուսումնասիրելու համար, որտեղ մեծ թվով հայ բնակիչներ կային: Նախագիծը նաև կմիավորի ու կմեկնաբանի պետության հետ հարաբերությունների, տնտեսական զարգացման, սոցիալական կյանքի, քաղաքաշինության ու ինքնության ձևավորման վիզուալ ու տեքստային աղբյուրները: Ուսումնասիրությունը կկազմի SALT-ի 2015թ.-ին կայանալիք ցուցահանդեսի մի մասը:

 

astghik igityanԱՍՏՂԻԿ ԻԳԻԹՅԱՆ` Աստղիկ Իգիթյանը թուրքագետ-լրագրող է և միաժամանակ Ermenihaber.am լրատվական կայքի հայալեզու լրահոսի թողարկող-խմբագիրն է:

Լինելով թուրքերեն լեզվի իմացությամբ լրագրող՝ նա հիմնականում գրում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Թուրքիայի հայ համայնքին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմաներով: Նա 5 տարվա լրագրողական փորձ ունի, որի ընթացքում նա գրել է Հայաստան-Թուրքիա խնդիրների թեմաներով հոդվածներ և հարցազրույցներ արել Ստամբուլում հայկական համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ:

Աստղիկ Իգիթյանը Հրանտ Դինք հիմնադրամի նախաձեռնած Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի 18 մասնակիցներից մեկն է: Այս նախագծի շրջանակներում նա հնարավորություն է ստացել 4 ամիս ապրել Ստամբուլում`
աշխատելով Թուրքիայի առաջատար լրատվամիջոցներից մեկում՝ CNNTurk-ում:

Ծրագրի ընթացքում նա CNNTurk-ի համար պատրաստում է լուրեր Թուրքիայի հայ համայնքի մշակութային, հասարակական և քաղաքական կյանքի ինչպես նաև առհասարակ Թուրքիայում տեղի ունեցող կարևոր զարգացումների վերաբերյալ:

 

daniel khachatryanԴԱՆԻԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ` Դանիել Խաչատրյանը 2008թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի գիտական աստիճան, ապա 2010թ. վերոհիշյալ համալսարանում արժանացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանի: Դանիելը նաև ուսումնասիրել է միջազգային քաղաքականություն, սկանդինավյան քաղաքականություն և կառավարում Օսլոյի hամալսարանում՝ Նորվեգիա (2009թ.), հանրային դիվանագիտություն և միջազգային հարաբերություններ` Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում` ԱՄՆ (2011թ.): Արտաքին քաղաքականության, խաղաղաշինության և կոնֆլիկտների լուծման ոլորտներում Դանիելն ունի հարուստ մասնագիտական փորձ, որը ձեռք է բերել հայկական և միջազգային պետական, ինչպես նաև հասարակական կառույցներում աշխատանքային գործունեության շնորհիվ:

Լինելով երաժիշտների ընտանիքից՝ Դանիելը սիրում է նվագել ջութակ և դաշնամուր: Հրանտ Դինք հիմնադրամի Թուրքիա-Հայաստան փորձի փոխանակման նախագծի շրջանակներում Դանիել Խաչատրյանը Թուրքական տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամում է:

 

sargis khandanyanՍԱՐԳԻՍ ԽԱՆԴԱՆՅԱՆ` Սարգիսը ստացել է բակալավրի կոչում Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում: Նա նաև ունի գիտության մագիստրոսի կոչում թվային մարդաբանության ոլորտում, որը ստացել է Լոնդոնի համալսարանական քոլեջում: Նրա մագիստրոսական թեզի անվանումն է «Թվայինի ազդեցությունը լրագրության վրա՝ Ստամբուլի Գեզի այգու ցույցերի համատեքստում», և նա կատարել է իր ուսումնասիրությունը Ստամբուլում հրատարակվող երկլեզու «Ագոս» հայկական թերթում:

Սարգիսը լրագրող է: Նա աշխատել է որպես լրագրող և սոցիալական մեդիայի խմբագիր հայկական CivilNet.AM առցանց լուրերի կայքում, որը Սիվիլիթաս հիմնադրամի մեդիա նախագիծն է: Նա այժմ Սիվիլնեթի Ստամբուլի թղթակիցն է: Նա նաև ունի ամենշաբաթյա ծրագիր՝ «Ժողովրդի ձայնը» խորագրով, որն ամփոփում է շաբաթվա ընթացքում տեղի ունեցող Հայաստանի ամենակարևոր ու քննարկվող լուրերը հումորային ու քննադատական մոտեցումներով:

Սարգիս Խանդանյանը ակտիվորեն ներգրավված է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներում՝ քաղաքացիական հասարակության մակարդակում: Նա հետաքրքրված է վավերագրական ֆիլմերի ստեղծմամբ և Լոնդոնում նկարահանել է իր առաջին՝ «Մի գմբեթի տակ» անվանումով ֆիլմը:

Որպես Հրանտ Դինք հիմնադրամի նախաձեռնած Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից՝ Սարգիս Խանդանյանը աշխատում է change.org կայքում, որը խնդրագրերի խոշորագույն հարթակն է աշխարհում: Նա change.org-ի` Ստամբուլում գտնվող Արևելյան Եվրոպայի ու Արևմտյան Ասիայի թիմում է՝ որպես խնդրագրերի մասնագետ: Սարգիսն այս հարթակում զբաղվում է հայաստանյան խնդրագրերով:

 

seda shekoyanՍԵԴԱ ՇԵԿՈՅԱՆ` Սեդա Շեկոյանը արվեստաբան է, կուրատոր և մշակութային լրագրող, արվեստի պատմության և տեսության մագիստրոս (Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա): Ծնվել է 1988թ. Երևանում: 2007թ.-ից մինչ օրս Հայաստանի պարբերական մամուլում հանդես է գալիս արվեստի և մշակույթի մասին հրապարակումներով («Պանորամա» շաբաթաթերթ, «Ռևիզոր» արվեստաբանական հանդես, «3 միլիոն» ամսագիր, “Armenian Times” հանդես, «Հրապարակ» օրաթերթ): 2012-2013թթ. աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում որպես պաշտոնական կայքի խմբագիր:

2010-2012թթ. Սեդա Շեկոյանը ղեկավարել է Հայաստանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) կերպարվեստի բաժինը: Հայաստանում և արտերկրում իրականացված մի շարք ցուցահանդեսների և նախագծերի համադրող է («Լրտեսվող Հայաստան», ՆՓԱԿ, Հայաստան, 2010, «Պարապ վախտի խաղալիք», ՆՓԱԿ, Հայաստան, 2010, «Նարինե Զոլյան: Ֆրագմենտներ. վերանայում կամ անվերջ վերամարմնավորում», ՆՓԱԿ, Հայաստան, 2011, «Հանդիպում` անկախ կոնտեքստից», «Տալշտրասե» արվեստի ասոցիացիա, Գերմանիա, 2011, «Փոխելով հանդիպման վայրը», «Ինտերիորդասեին» պատկերասրահ, Գերմանիա, 2012, «Միջդիսցիպլինար հարթակների զարգացում», ՆՓԱԿ, Հայաստան, 2013, «Թարգմանություն` ամեն տեղ», ՆՓԱԿ, Հայաստան, 2013):

2014թ. հոկտեմբերից Սեդա Շեկոյանը Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակից է և որպես կուրատոր աշխատում է Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանում: Թանգարանում նա զբաղվում է վերջինիս հավաքածուի, ընթացիկ ցուցահանդեսների, գրադարանի և արխիվի ուսումնասիրությամբ, ինչպես նաև հայ-թուրքական համատեղ նախագծերի մշակմամբ:

 

haroiut marachlianՀԱՐՈՒԹ ՄԱՐԱՇԼՅԱՆ` Հարութ Մարաշլյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Դպրոցը ավարտելուց հետո, հայոց լեզու եւ գրականություն սովորելու նպատակով, մեկնել է Հայաստան, ուր Երևանի Պետական Համալսարանի հայ բանասիրության բաժնում բակալավրիական եւ մագիստրոսական կրթություն է ստացել: Սփյուռքահայ գրականության բնագավառում իր մագիստրոսական թեզը պաշտպանելուց հետո՝ սկսել է աշխատել ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող: 2010 թվականից մինչև 2013 աշխատել է Հայկական Վիրտուալ Համալսարանում, որպես արևմտահայերենի դասերի հեղինակ: Այժմ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արեւմտահայերենի բաժնի գիտաշխատող է: Սփյուռքի եւ սփյուռքի գրականությանը վերաբերող տարբեր գիտաժողովների մասնակից է: Նա Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակիցներից է, որի շրջանակներում Ստամբուլի Շեհիր համալսարանի մասնագետների հետ է աշխատում: Այնտեղ նա շարունակում է իր հետազոտությունները սփյուռքի գրականության վերաբերյալ եւ արեւմտահայերեն է դասաւանդում:

 

sofya manukyanՍՈՖՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ` Սոֆյա Մանուկյանը ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության բաժինը (բակալավրի կոչումով) և Եվրոպագիտության բաժինը (մագիստրոսի կոչումով), ինչպես նաև Էսեքսի համալսարանի Մարդու իրավունքների բաժինը (մագիստրոսի կոչումով): Սոֆյան մասնավորապես հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բիզնեսի դերով, ինչի արդյունքում էլ նախ աշխատել է Էսեքսի բիզնես և մարդու իրավունքներ ծրագրում, իսկ այնուհետև Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի Բիզնես և մարդու իրավունքներ բաժնում: Ներկայումս Սոֆյան հետազոտող է Ստամբուլի Բիլգի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտական կենտրոնում` որպես Հրանտ Դինք հիմնադրամի նախաձեռնած Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից:

 

sona mnatsakanyanՍՈՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Սոնա Մնացականյանը հայոց լեզվի և հայ գրականության մասնագետ է: Նա բակալավրիական և մագիստրոսական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում: 2010 -2012 թթ. ասիստենտական աշխատանք է կատարել ԵՊՀ-ի Հայ նորագույն գրականության ամբիոնում՝ դասավանդելով սփյուռքյան շրջանի հայ գրականություն: Այնուհետև աշխատանքը շարունակել է ՀՊՃՀ-ում (Պոլիտեխնիկ)՝ որպես հայոց լեզվի և հայ գրականության դասախոս՝ միաժամանակ համագործակցելով Զանգակ հրատարակչության հետ: Սոնան նաև ասպիրանտ է ԵՊՀ-ում, և նրա ուսումնասիրության թեման է «Պոլսահայ բանաստեղծության զարգացման միտումները սփյուռքյան շրջանում»:

2012 թ. Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա) եռամսյա գիտական ուսումնասիրություն է կատարել սփյուռքագիտության ոլորտում : Նա մասնակցել է Երևանում և Ստամբուլում կազմակերպված գիտաժողովների՝ զեկույցներ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների ու դրանց՝ գրականության մեջ ունեցած արտացոլումների մասին: Լինելով Հրանտ Դինք հիմնադրամի Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի ընտրված մասնագետներից մեկը՝ Սոնան հյուրընկալվել է Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի Հարատև ուսման կենտրոն՝ որպես հայերենի ուսուցիչ: Մինչև 2015 թ. մայիսի վերջ նա կապրի Ստամբուլում՝ շարունակելով հայերենի դասավանդումը, ինչպես նաև իր ասպիրանտական ուսումնասիրությունը:

 

anna muradyanԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ` Աննա Մուրադյանը ազատ լրագրող է և համագործակցում է տեղական և միջազգային տարբեր մեդիա կազմակերպությունների հետ: Նա 2008 թ. ավարտել է Կովկասի ինստիտուտի լրագրության բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան լրագրությունից: Նա նաև մագիստրոսի աստիճան ունի ֆիզիկա առարկայից՝ Երևանի պետական համալսարանում: Աննան պրոֆեսիոնալ լրագրությունում է 2009թ. մայիսից սկսած և այդ ընթացքում արժանացել է մի քանի տեղական հեղինակավոր լրագրողական մրցանակաբաշխությունների առաջին մրցանակների: Նա Հայաստանի տարբեր մարզերում իրականացրել է քաղաքացիական լրագրությանը նվիրված պրոյեկտներ: Ներկայումս Աննան Ստամբուլում է՝ որպես Հրանտ Դինք հիմնադրամի Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից և համագործակցում է Յուվա ասոցիացիայի հետ՝ ներգրավվելով միգրանտներին մասին հետազոտությունում՝ որպես հետազոտող:

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

candan bademՋԱՆԴԱՆ ԲԱԴԵՄ` Դոկ. Ջանդան Բադեմը Թուրքիայի Թունջելի համալսարանում պատմական գիտությունների դոցենտ է: Նա ստացել է իր բակալավրի կոչումը Բողազըչի համալսարանում 1992թ.-ին, մագիստրոսական կոչումը` Բիրմինգհեմի համալսարանում 2001թ.-ին, իսկ գիտությունների թեկնածուի կոչումը պաշտպանել է Սաբանջը համալսարնում 2007թ.-ին: Նախքան վերջնականապես գիտական ուղին ընտրելը նա աշխատել է տարբեր կազմակերպություններում և բազմիցս ճանապարհորդել նախկին խորհրդային երկրներում: 2010թ.-ին նրա ատենախոսությունը`Ռուսական տիրապետության տակ գտնվող իր հայրենական Կարս նահանգի (Çarlık Rusyası Yönetiminde Kars Vilayeti, Birzamanlar) մասին, տպագրվել է իր գրքի հետ մեկտեղ (Օսմանական-ղրիմյան պատերազմ, Բրիլլ): Լեյդենի Պատմական արդարության և հաշտեցման ինստիտուտի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Ջանդան Բադեմը` երևանցի դոկտոր Սոնյա Միրզոյանի հետ համատեղ, գրել է գիրք Թիֆլիս-Գյումրի –Կարս երկաթգծի (1895-1899) կառուցման պատմության վերաբերյալ: Նա այն քիչ թվով թուրք գիտնականներից է, որ որբևէ ուսումնասիրության նպատակով այցելել է Հայաստանի Ազգային արխիվ: Նրա ուսումնասիրության հիմնական ոլորտը 19-րդ և 20-րդ դարերի օսմանական-ռուսական պատերազմներն են և օսմանական-ռուսական սահմանամերձ գոտիները, մասնավորապես Հարավային Կովկասը: Ջանդան Բադեմի որոշ հրապարակումներ կարելի է ներբեռնել հետևյալ հղումով` https://tunceli.academia.edu/CandanBadem:

Հրանտ Դինք հիմնադրամի Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում Ջանդան Բադեմը հյուրընկալվել է Հայաստանի Գիտության ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, որտեղ նա իրականացնելու է ուսամնասիրություն` պրոֆ. Ռուբեն Սաֆրաստյանի ղեկավարությամբ: Դոկ. Բադեմը լավ է տիրապետում անգլերեն և ռուսերեն լեզուներին: Նա բնակվում է Թունջելիում իր կնոջ` Էսրայի և դստեր` Էքիմի հետ: Ջանդան Բադեմի կոնտակտային տվյալը` candanbadem@tunceli.edu.tr:

 

gaye cosarԳԱՅԵ ՋՈՇԱՐ` Գայե Ջոշարը երկար տարիներ է, ինչ ազատ լրագրող է ու թարգմանիչ: Կարճ ժամանակով Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում պատմություն ուսումնասիրելուց հետո նա մեկնել է Ավստրալիա` Արևմտյան Սիդնեյի համալսարանում անգլիական գրականություն և հոգեբանություն ուսանելու համար: Լինելով թե´ Թուրքիայի, և թե´ Ավստրալիայի քաղաքացի`վաղ հասակից նա ծանոթացել է բազմամշակութայնության գաղափարի հետ: Սա հիմք դրեց նրա հետաքրքրությանը փոքրամասնությունների, փախստականների և միգրացիայի ոլորտներում: Գայեն բազմաթիվ գրավոր և բանավոր թարգմանություններ է կատարել տարբեր միջազգային կազմակերպությունների համար, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Գայեն շուրջ 10 տարի աշխատել է առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև կանանց իրավունքներով, նրանց աշխատանք-կապիտալ ներգրավվածությամբ զբաղվող հաստատություններում: Նա որպես կամավոր աշխատել է տարբեր ՀԿ-ների հետ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և արդարադատության ոլորտներում: Նա աշխատել է որպես արտաքին կապերի լրատվական խմբագիր և համաժամանակյա թարգմանություններ է կատարել Թուրքիայի առաջին մասնավոր լրատվական հեռուստաալիքում` NTV-ում: Գայեն 2 տարի աշխատել է նաև Al Jazeera-ի թուրքական լրատվական հեռուստաալիքում: Նա հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի և փոքրամասնությունների իրավունքի ոլորտում: Գայեն շատ է սիրում Ստամբուլը, մի քաղաք, որը 15 տարի շարունակ եղել է իր հայրենիքը: Նա շատ է սիրում նաև ճանապարհորդել, ընթերցել, դասական երաժշտություն լսել և զբոսնել:

Գայեն այժմ Հրանտ Դինք հիմնադրամի Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից է Սիվիլիթաս հիմնադրամում:

 

nil delahayeՆԻԼ ԴԵԼԱՀԱՅԵ` Ավելի քան 5 տարի է, ինչ Նիլ Դելահայեն զբաղվում է Կապոեյրայով: Նա այժմ ձևավորում է ուղղություններ՝ սոցիալական աշխատանքը Կապոեյրայի նկատմամբ իր կրքի հետ միավորելու համար: Փարիզում Թուրքագիտությունն ու Հաուսա լեզուն սովորելուց հետո նա ստացավ մագիստրոսի կոչում մշակութային կառավարման բնագավառում՝ Ստամբուլում: Այստեղ նա սկսեց հետազոտել փոքրամասնությունների ու ներգաղթածների մշակութային իրավունքները Թուրքիայում՝Ստամբուլում ապրող ենթա-սահարային աֆրիկական արվեստագետների կոնտեքստում: Աֆրիկայում 6 ամիս ապրելուց և այնտեղի զանազան մշակութային կենտրոններում աշխատելուց հետո նա սկսեց աշխատել Թուրքիայում՝ Ներգաղթի Միջազգային Կազմակերպությունում, որտեղ նա անցկացրեց 2 տարի՝ նախագծեր ձևավորելով ու իրականացնելով: Այս կազմակերպությունում իր առաքելությունն էր օգնել ստեղծել մշակութային ու արվեստի արտահայումների համար հիմք՝ Ստամբուլ ներգաղթած տարբեր ժողովուրդների համար: Այս ժամանակաշրջանում նա ունեցավ հնարավորություն գնահատել սոցիալական բարելավման նպատակով սպորտի ու արվեստի օգտագործման դրական արդյունքները: Նիլն այնուհետև որոշեց տեղափոխել իր աշխատանքային դաշտը դեպի ավելի տեղային մոտեցում, և նա այժմ օգտագործում է շարժումն ու երաժշտությունը՝ անբարենպաստ պայմաններում գտնվող խնբերին օգտակար լինելու նպատակով: Այժմ նա Հրանտ Դինք հիմնադրամի Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից է Երևանում՝ Կանանց Ռեսուրսային Կենտրոնում: Նիլը նաև աշխատում է որպես Ֆրանսիական և Թուրքական գրականության թարգմանիչ և ժամանակ առ ժամանակ տպագրվում է Turquie Européenne ինտերնետային ամսագրում:

 

emine onaran incirlioğluԷՄԻՆԵ ՕՆԱՐԱՆ ԻՆՋԻՐԼԻՕՂԼՈՒ` Էմինե Օնարան Ինջիրլիօղլուն, Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում ստանալով ճարտարապետության բակալավրի կոչում, ձեռք է բերել իր մագիստրոսի և գիտության թեկնածուի կոչումը մարդաբանության ոլորտում ԱՄՆ-ում` Գեյնսվիլում գտնվող Ֆլորիդայի համալսարանում: Նա դասավանդել է մարդաբանություն և դիզայն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում գտնվող տարբեր համալսարաններում: Ինջիրլիօղլուն Թուրքական մշակութաբանության ասոցիացիայի հիմնադիր ադամներից մեկն է, և նրա հետաքրքրության ոլորտը և հրապարակումները ընդգրկում են ազգագրությունը, մշակութաբանությունը, Ռոմանի/գնչուների ուսումնասիրությունները, գենդերային ուսումնասիրությունները, սոցիալ-մշակութային փոփոխությունները և տիեզերք-մշակույթ-ինքնություն հարաբերությունները: Անկարայի Բիլքենթ համալսարանի Քաղաքային դիզայն և լանդշաֆտի ճարտարապետություն բաժնում 12 տարի դասավանդելուց հետո 2012թ.-ին նա տեղափոխվել է Ստամբուլ` Մալթեփե համալսարանի Սոցիոլոգիայի բաժնում մարդաբանություն և մշակույթ դասավանդելու համար:

Նա անհամբեր սպասում է 2015թ.-ի փետրվարին չորս ամսով Երևան այցելելուն: Այցի նպատակն է, լինելով Հրանտ Դինք հիմնադրամի նախաձեռնած Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում տվյալների բազայի վրա աշխատելը և միևնույն ժամանակ հայերենի դասընթացների հաճախելը: Ինջիրլիօղլուն իր կյանքի հետագա փուլում ծրագրում է կենտրոնանալ հայագիտության վրա, ինչպես նաև տարվա մի մասը անցկացնել ԱՄՆ-ում`միևնույն ժամանակ թե՛ հայագիտական նյութի վրա աշխատելով, և թե՛ իր դստեր` Դեֆնեի հետ ժամանակ անցկացնելով…

 

meltem naz kaşoՄԵԼԹԵՄ ՆԱԶ ՔԱՇՈ` Մելթեմ Նազ Քաշոն կարճ պատմություններ գրող, ազատ գրաֆիկով աշխատող լրագրող և հասարակական գիտությունների ոլորտում հետազոտող է: Նա իր բակալավրի երկլեզու, միջազգային կոչումը ստացել է Իտալիայում` Տրեստում, Ադրիատիկի Միավորված ազգերի քոլեջում: Իր` այնտեղ անցկացրած ժամանակահատվածում Մելթեմը աշխատել է որպես խմբագիր «Բարի գալուստ Տրեստ – Ուղեցույց» քաղաքի ուղեցույցի գրասենյակում, որն աջակցում է իմիգրանտներին` հաղթահարելու լեզվական և մշակութային արգելքները: Ավարտելուց հետո Մելթեմին շնորհվել է Շելբի Դեվիսի կրթաթոշակ` ուսանելու Չիկագոյի համալսարանում: Նա սովորել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Դետրոյթը, Հռոմը, Ֆլորենցիան, Կահիրեն և Փարիզը: Չիկագոյի համալսարանում «Ծնվող գաղափարներ» ծրագրի շրջանակներում նա` որպես ֆասիլիտատոր, վարել է սեմինարներ այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են ռասիզմը, ԼԳԲՏԻ իրավունքները և քսենոֆոբիան: 2013թ.-ի դեկտեմբերին նա գերազանցությամբ ավարտել է և ստացել մարդու համեմատական զարգացման մասնագետի կոչում:

Մելթեմը Միացյալ ազգերի քոլեջի թուրքական ազգային կոմիտեի և Չիկագոյի համալսարանի քոլեջների շրջանավարտների կոմիտերի անդամ է` նշված երկու հաստատությունների համար ապագա ուսանողների ընտրության հարցում պատասխանատվություն ստանձնելով: Նա աշխատակցում է Թուրքիայում հայտնի ագլիալեզու Today’s Zaman օրաթերթի հետ` կենտրոնանալով մարդու իրավունքների խախտման, կենդանիների իրավունքների և բնապահպանական խնդիրների վրա: Երևանում Մելթեմը իրականացնում է համեմատական հետազոտություն Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (Pink Հայաստան) ՀԿ-ի համար` որպես Հրանտ Դինք հիմնադրամի նախաձեռնած Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից: Նրա հետազոտության կենտրոնում Հայաստանի և Թուրքիայի ԼԳԲՏԻ ակտիվիստական խմբերի միջպետական համագործակցության բնույթն է` նկարագրելու դրա ազդեցությունը և հետևանքները թշնամանքի պատմություն ունեցող երկու երկրների հասարակությունների հիմնական շերտերի վրա:

 

suzan meryem rositaՍՅՈՒԶԱՆ ՄԵՐՅԵՄ ՌՈՍԻՏԱ` Սյուզան Մերյեմ Ռոսիտան պատմաբան է, արվեստագետ և ռեժիսոր, ով աշխատում է Ցեղասպանության ու Հոլոքոստի բանախոսության վրա Թուրքիայում: Բողազիչի, Յեյլ և Քեմբրիջ համալսարաններում սովորելուց հետո, նա այժմ գիտահետազոտող է Եվրոպական Համալսարան Ինստիտուտում (Ֆլորենցիա): Նա առավելևս հետաքրքրված է պատմական լռության գաղափարով և մշակութային հիշողության տարբեր տեսակներով: Նա հրապարակվել է տարատեսակ ձևաչափերով ու ժանրերով: Նրա ներկայիս նախագծերը ներառում են լայնորեն քննարկված «Լուռ գիրքը» նախագիծը, որը կտեղակայվի աշխարհի 100 գրադարաններում մինչև 2015 թվականը: Նա նաև զբաղվում է երկու այլ նախագծերով՝ «Ձայներ մթության մեջ» և «Սպառման ձևերը»: Այս տարբեր միջոցներով արված արվեստի իստալացիաների և ներկայացումների նպատակն է ներգրավվել հանրությանը պատմությունը գրի առնելու գործընթացում՝ արվեստի միջոցով գիտությունն ու հանրությունը կամրջելու համար: Բացի այլ պարգևներից, նա ստացել է Փոլ Հերրիս Ֆելոու պարգևը Ռոտարի հիմնադրամից՝ Նեպալում իր մարդասիրական աշխատանքի համար, ինչպես նաև վերջերս մասնակցել է Ռաֆայել Լեմկին հետազոտական ծրագրին Երևանում գտնվող Հայկական Ցեղասպանության Թանգարանում: Նա առաջին գիտնականն է Թուրքիայից, ով ստացել է այս պարգևը ու հաճախ հանդես է եկել հայկական հեռուստատեսությամբ ու ռադիո ծրագրերում՝ քննարկելով հայկական Ցեղասպանության ժխտումը թուրքական պետության կողմից:

Ներկայումս նա ավարտում է իր ասպիրանտուրայի թեզը, որի անունն է «Լուռ ազգը»: Նա Հրանտ Դինք հիմնադրամի Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից է: Գալլերի 25 հայկական արվեստի հիմնադրամի հետ միասին Սյուզան Մերյեմ Ռոսիտան կիրականացնի իր «Ձայներ մթության մեջ» և «Սպառման ձևերը» նախագծերը մինչև 2015 թվականը և կձևավորի միջսահմանային հաղորդակցություն Թուրքիայի ու Հայաստանի միջև՝ արվեստի ու քննադատական խոսքի կապուղիների միջոցով: Նա այժմ ապրում է Գյումրիում (Հայաստան) ու Ստամբուլում (Թուրքիա):