ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

17-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակում է ավելացնել ուղղակի կապերը և խթանել համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

2018 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն ընդհանուր առմամբ ստացել է 83 հայտ՝ երկու երկրներից: Մենք ուրախ ենք հայտարարել, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ, այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 26 անհատի` 19-ը Հայաստանից, 7-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի 17-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

Սոնա Մկրտչյանը` Աբովյանից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Իզմիր այցելելու և Turkish Ex-EVS ասոցիացիայի հետ համագործակցությամբ տարեցների ու երիտասարդների խմբերի հետ հայերի մասին իրենց հիշողությունների վերաբերյալ հարցազրույցներ անցկացնելու համար, որը կազմում է իր հետազոտության մասը՝ պարզելու մեդիա գործիքների ազդեցությունը մարդկանց հիշողության վրա:

Մարիամ Գևորգյանը` Արթիկից, Հայաստան Մարտիրոսյանը և Մերի Գևորգյանը` Երևանից, ովքեր սովորում են Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու և Բիլգի համալսարանում դասընթացներին մասնակցելու համար:

Թալին Բույուկքուրքջիյան Դեմիրջին` Ստամբուլից, ով «Չաթը» ժամանակակից պարարվեստի ասոցիացիայի հիմնադիր անդամներից է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և Միհր թատրոնում ժամանակակից պարային սեմինարների անցկացման համար:

Միսակ Հերգելը, Ջեմ Չափարը և Լորա Չափարը` Անթաքիայից, ովքեր ներկայացնում են Վաքըֆլը գյուղի «Սուրբ Աստվածածին եկեղեցի» հիմնադրամը, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Մուսալեռ գյուղ այցելելու և տեղացի բնակիչների հետ բանավոր պատմության վերաբերյալ հարցազրույցներ անցկացնելու համար:

Սամվել Գրիգորյանը` Երևանից, ով ներկայացնում է «Կյանքի ծառ» ՀԿ-ն որպես հանրային առողջապահության դասավանդող, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու համար՝ Հայաստանի և Թուրքիայի առողջապահական համակարգերի համեմատական վերլուծություն անցկացնելու նպատակով Քոչ համալսարանի Բժշկության դպրոցի, ինչպես նաև միջսահմանային համագործակցության ընդլայնման նպատակով երիտասարդական, առողջապահական և բնապահպանական կազմակերպությունների հետ կապեր հաստատելու համար:

Բարբարոս Ալթուգը` Ստամբուլից, ով հեղինակն է «Վերքերն իմ հոգում» վեպի, որը կհրատարակվի 2019 թվականին, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հետազոտություն կատարելու, հարցազրույցներ անցկացնելու և գրքում նկարագրվող վայրերն այցելելու նպատակով:

Լիանա Քոսակյանը` Բերդից, Լուսինե Քոսակյանը և Արսեն Մոմջյանը` Երևանից, ովքեր ներկայացնում են «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ն, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու և Istanbul&I ՀԿ-ի հետ համագործակցությամբ “Act to get to Peace” ֆոտոցուցահանդեսի երկրորդ փուլը Թուրքիայում անցկացնելու համար:

Երևանից Ռուզաննա Ազիզյանը՝ գրող, և Գայանե Վարդանյանը` թարգմանիչ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու և համագործակցության հաստատման ու հայ-թուրքական համատեղ գիրք գրելու նպատակով թուրք գրողների և գրականագետների հետ հանդիպելու համար:

Շահին Բաշոլը` Դենիզլիից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և Հայաստանի կամավորական կորպուսի միջոցով կամավորական գործունեություն ծավալելու համար:

Ալմիրա Նիկողոսյանը` Գյումրիից, ով Կազա հիմնադրամում ԵԿԾ մենթոր է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու՝ հայ և թուրք երիտասարդների միջև միջմշակութային երկխոսության, խաղաղության և հանդուրժողականության կառուցման, ինչպես նաև թուրք երիտասարդների շրջանում կամավորական ծրագրերի խթանման նպատակով Ստամբուլի համալսարանում դասընթաց կազմակերպելու համար:

Աննա Եղիազարյանը և Մանվել Վաթոյանը` Երևանից, ովքեր ներկայացնում են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու և Թուրքիայում առաջին լեգոյի մրցաշարի 15-րդ սեզոնին մասնակցելու համար՝ մրցաշարը Հայաստանում նույնպես նախաձեռնելու հնարավորություններ գտնելու նպատակով:

Անի Սիմոնյանը և Մարիամ Հարությունյանը՝ Երևանից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու համար, որպեսզի հետազոտություն անցկացնեն թուրքական մեդիայում ատելության խոսքի կիրառման թեմայով և պատրաստեն վավերագրական ֆիլմ՝ ցուցադրելով դեպքեր, որտեղ հայերն ու թուրքերը կարող են միասին ապրել համերաշխ:

Մեհմեթ Ըլհանլին` Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար, որպեսզի տարբեր լրատվամիջոցների, ՀԿ-ների, ուսանողների և երիտասարդների շրջանում հարցումների ու հարցազրույցների միջոցով բացահայտի ԶԼՄ-ների ազդեցությունը երիտասարդների վրա՝ ատելության խոսքի կիրառման առումով, ինչպես նաև հանդիպի Հայաստանում «Ոչ ատելության խոսքին» ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Երևանից Ատոմ Մխիթարյանը, ով ԳԱԱ միջազգային գիտահետազոտական կենտրոնի դասախոս է, և Աստղիկ Ավետիսյանը, ով Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ է, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու և Թուրքիայում բարձրագույն ուսումնական կրթության համակարգն ուսումնասիրելու համար, որի հիման վրա հրապարակելու են համեմատական վերլուծություն երկու երկրների դոկտորական կրթության վերաբերյալ:

Սպիտակից Սվետլանա Ավետիսյանը՝ Երևանի պետական համալսարանի ուսանող, և Սերինե Ավետիսյանը՝ Դասավանդիր Հայաստան ծրագրի օգնական, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու համար, որպեսզի մասնակցեն «Urban Steps for Resilient Future» խորագիրը կրող տարածաշրջանային ծրագրից հետո Հայաստանի և Թուրքիայի մասնակիցների կողմից իրականացված ծրագրերի գնահատման հանդիպման:


Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝

Անահիտ Մինասյան

Տիգրան Ալթուն

Ֆերայ Սալման

Գայանե Մկրտչյան

Ռենայ Օնուր

Նելլի Մինասյան

 

2017-2019 թթ. Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ՝ համագործակցելով Գյումրու «Երիտասարադական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ: