ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Haberler

Գյումրիում մեկնարկեց Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը

Published on 21/03/2014 under Լուրեր

Ա. Մկրտչյան
Asparez

Երեկ ճանապարհորդական այս դրամաշնորհի մասին ազդարարեց «Հրանտ Դինք» հիմնադրամը` ԿԱԶԱ-ի Գյումրու սոցիալ-ուսուցողական եւ զարգացման կենտրոնում:

Դրամաշնորհը նպատակ ունի 16 ամիսների ընթացքում աջակցել 200 անհատի այց: «Սա չի նշանակում, որ մենք կազմակերպում ենք 200 այցելություն. ցանկացած անհատ, ով ունի հարեւան երկիր մեկնելու որոշակի եւ կոնկրետ պլաններ ու որի այցելությունը շահույթ չի հետապնդում, անհատական չէ եւ քաղաքացիական հասարակությանն առնչվող որոշակի ծրագրի մասնակցություն է, կարող է դիմել մեզ, ընտրությունը կկատարվի մրցութային կարգով»,-ասում Հայաստանում ծրագրի համակարգող Աննա Եղոյանը:

Հայաստանում եւ Թուրքիայում այս մրցույթին կարող է դիմել յուրաքանչյուր մարդ` անկախ աշխարհագրական եւ տարիքային առանձնահատկություններից: էթնիկ փոքրամասնությունները եւս կարող են մասնակցել: Մրցույթով անցած քաղաքացին ստանում է աջակցություն` ճանապարհածախսի փոխհատուցման տեսքով: Ծրագիրը մեկնարկել է հունվարից, իսկ մասնակցության մրցույթն հայտարարվել է մարտ ամսվա առաջին շաբաթում, մրցույթ պարբերաբար կհայտարարվի եւ այն վերջնաժամկետ չունի:

«Այս ամբողջ ընթացքում մենք գումար հայթայթելու գործընթացի մեջ ենք լինելու, որպեսզի մասնակիցների քանակն ավելանա, ինչպես նաեւ ծրագիրը տեւական լինի»,-նշում է Աննա Եղոյանը:

Նրա խոսքով` այս ծրագրի ազդարարումից հետո իրենք ավելի շատ արձագանքներ ստացել են Թուրքիայից եւ ավելի մեծ հետաքրքրություն տեսել են հենց այնտեղ, քան Հայաստանում: Թեպետ այսօր Հայաստանում ծրագրի անդամները ստանում են մասնակցության մեծ քանակությամբ հայտեր:

Ծրագիրը, ըստ Ա. Եղոյանի, մասնակիցներին հնարավորություն կտա ինքնուրույն տեսնել հարեւան երկիրը, համեմատել եւ ունենալ սեփական եզրահանգումներ:

«Ես, անձնական փորձից ելնելով, կարծում եմ, որ ցանկացած բան, որը մեզ ծանոթ չէ, որի մասին մենք ունենք միայն երկրորդ ձեռքից ստացված տեղեկություն, միշտ առաջացնում է որոշակի նախապաշարմունքներ, այնինչ պետք է ունենալ սեփական կարծիք»:

«Հրանտ Դինք» հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհը ղեկավարելու է` համագործակցելով «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ` Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամի եւ Գյումրիում գտնվող Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ:

Ճանապարհորդական դրամաշնորհը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: