SEYAHAT FONU'NA BAŞVUR
Haberler

Highfest 2014

Published on 13/10/2014 under Haberler

Ծովինար Լոքմակէօզեան
Ակօս

Եթէ յուլիսը նշանաւորւում է «Ոսկե ծիրան» կինոֆառատօնի օրերով, ապա հակտեմբերին անհամբեր սպասում ենք Highfest թատերական շաբաթին, որի ատեն հանդիսատեսը ճաշակում է փոքր երկրի առաւելութիւնները, այսինքն ազատ մուտք բոլոր դրսից եկած ներկայացումներին, որոնց նշանակետը մէկն է. մենք, մեր բեմին հառած հայացքները, մեր քարե լռութիւնը, մեր բացարձակ ընկալումը եւ վերջապէս մեր ոտնկայս ծափահարութիւնները: Միայն հոկտեմբերի 5-ին Մոսկուայի Մոդեռն թատրոն-ի “Մահուան պար” ներկայացումից հետո դերասանը ընդհատեց մեր ծափահարութիւնները, որպէսզի խոնարհուենք այդ օրը կեանքից հեռացած ռեժիսոր Յուրի Լյուբիմովի յիշատակին:

Յուրի Լյուբիմով

Բոլոր ածականները` մեծ կամ հանճարեղ ռեժիսոր, բազմաթիւ մրցանակների դափնեկիր, տասնեակ երկրների քաղաքների պատուոյ քաղաքացի եւ այլն ոչինչ են ընդամէնը նրա անուան դիմաց` Յուրի Լյուբիմով: Ծնած 1917-ին, նա Հոկտեմբերեան յեղափոխութեան հասակակից էր. կգա ժամանակ, երբ մարդիկ կմոռանան այդ սեւ էջերի յեղինակ դարձած յեղափոխութեան մասին, բայց Լյուբիմովի թատերական յեղափոխութեան մասին` երբեք: Այո, ինչպէս Փառաջանովի “Մոռացուած նախնիների ստուերները”, այնպէս էլ Լյուբիմովի “Բարի մարդը Սեզուանից” (Բերտոլդ Բրեխտ, Bertolt Brecht, 1898-1956) բեմադրութիւնը Մոսկուայի Տագանկա հրապարակի վրա գտնուող թատրոնում լոյս աշխարհ եկան 1964 –ին եւ ազդարարեցին նոր կինո եւ թատերալեզուի մասին: 60-ականներ…Ստալինը հրաժեշտ էր տուել այս աշխարհին եւ Սիբիրից վերադառնում էին նրա բռնակալութեան միլիոնաւոր անմեղ զոհերը: Սառը հալուեց եւ այդ շրջանը կոչեցին “ձնհալ”: Ի՛նչ հրաշալի ֆիլմեր ստեղծուեցին այդ ժամանակ: Հետո երեւի ուշքի եկաւ սովետական իշխանութիւնը, եւ Փառաջանովին բանտարկեցին(1973), իսկ աւելի ուշ Լյուբիմովին(1984-1988) զրկեցին Սովետական Միութեան հպատակութիւնից: Անազատութեան երկրում մարդիկ ազատութեան թթուածին էին փնտրում արուեստի եւ գրականութեան մէջ եւ գտնում այդ թթուածինը…արգիլուած արուեստագէտների եւ գրողների գործերի մէջ:

Միհրան Թովմասեան

Միհրանը Highfest-ի 18 երկրների 200 մասնակիցներից ամէնասպասուածն էր, եւ ինչպէս միշտ նա շոշափեց այնքան մասշտաբային թեմա, որին մօտենալն անգամ չի հանդգնում սովորական արուետագէտը: Հայոց ցեղասպանութեան 100-մեակի շեմին լռում է կինոն եւ լռում է թատրոնը, բայց Միհրանը` միացնելով հային, թուքրին եւ գերմանացուն մի նախագծի մէջ, որի անունը “Տոհմածառ է”, կարողանում է խօսել 1915-1916-ի անցեալի մասին, բաժանելով ողբերգութեան վիթխարի պատմութիւնը միքրոպատմութիւնների, որոնք նման են մի ծառից ընկած խնձորների…: Հանդիսատեսներին նախապէս բաժանում են բացատրութիւնները, քանզի ներկայացման մէջ հնչում է գերմաներէն, անգլերէն եւ թրքերէն խօսք, սակայն երբ ներկայացումը սկսւում է, ապա մի կողմ են քաշւում բառերը, իսկ կեդրոնում տեսնում ենք երեք անձանց ծանր ճամպրուկներով (bavul): Գաղթականների ատրիբուտ է (անգլերէն attribute) ճամպրուկը, որտեղից հանում են հաստ վերմակներն ու պարկում դրանց վրա. մեր պատմութիւնեան վրա ենք մենք պարկում, ապրում, յիշում եւ մաքառում: ճամպրուկներից հանում են նաեւ ոսկորներ եւ…ո՟վ ունի արդէօք իր պատմութեան մէջ հողին չհանձնած ոսկորներ: Այդ ոսկորների վրա հենուելով ենք մենք շարժւում: Էքրանի վրա մենք տեսնում ենք խաղաղ ընտանեկան մի լուսանկար, որը ծածկւում է ոսկորներով. ի՛նչ հրաշալի մտահաղացում: Ճամպրուկների վրա երեք դերակատարներ կանգնում են եւ փորձում կանգուն մնալ. փորձում ենք կանգուն մնալ մեր ապրած ողբերգութիւնների վրա…Այս ծանր անողոք նիւթը չափազանց թեթեւ սրտով է ընկալւում, քանզի հիացմունքը, որն առաջացւում է մտահաղացումների առիթով, միայն հիացական հետք է թողնում: Մնում է, որ նշեմ ներկայացման մէջ ներգրոււած դերակատարներին. Աննա Բոգեր, Դույգու Գիւնգյոր, Միհրան Թովմասեան: “Տոհմածառ”-ը Չփլաք Այաքլար Ընկերութեան եւ Ֆրայբուրգի քաղաքային թատրոնի համատեղ աշխատանքն է: Բեմի վրա լարային գործիքի վրա նուագում է Օմեր Օզթիւեն: Որպէս հեղինակ հանդէս են եկել երեք դերակատարները, ինչպէս նաեւ Ֆիոլա Հասսելբերգը:

Վահան Բադալեանի բեմադրութիւնը

-Միհրա’ն, իսկ սիրո մասին չկա՞ ներկայացում ձեր խաղացանկում,-հարցրեցի ես Միհրանին եւ պատասխանը գտա միւս օրը Աբովեան փողոցի վրա գտնուող Գեղագիտութեան կենտրոնի “Փոքր” թատրոնի բեմի վրա: “Մի լքիր ինձ” կոչւում է ներկայացումը եւ ես խորհուրդ կտամ բոլորին անխտիր պարտադիր դիտել այն: Ներկայացման մտահաղացումը ծագեց ռեժիսորՎահան Բադալեանի մօտ Ժաք Բրելի (Jacques Brel) “Ne me quitte pas” երգի տպաւորութեան ներքոյ: Ես ոչինչ նախապէս չգիտէի. 10 պարողներ էին բեմի վրա, սքանչելի պարային պատկերներ…հանկարծ նկատում եմ, որ երեքը նրանցին ինչ-որ խնդիրներ ունէն, հաշմանդամ են…բայց այդ հանգամանքը ներկայացմանը աւելորդ հմայք էր հաղորդում, քանզի նրանք ամէնեւին էլ խղճահարութիւն չէին առաջացնում, այլ ընդհակառակը, նոյնիսկ նախանձ, քանզի նախանձ կարող են առաջացնել բոլոր նրանք, ովքեր ներգրաոււած են հրաշալի մի նախագծի մէջ, որտեղ մասնակիցները չէն տարբերւում միմեանցից, նրանք հաւասար են: Հետո յիշեցի, որ արդէն տեսել էի ներառական պարեր, որոնք ցուցադրում էր Կանդուկո ներառական պարի խումբը “Պար առանց սահմանների” ծրագրի շրջանակներում` Բրիտանական խորհրդի նախաձեռնութեամբ: Ահա այս ծրագրի գործընկերը դառաւ եւ “Փոքր” թատրոնը: Ներկայացման բեմադրիչն ու նկարիչը Վահան Բադալեանն էր, խորեոգրաֆը` Թենի Մաթեանը, իսկ պարուսոյցը` Մարիաննա Պօղոսեանը: Իսկ պարողներից հատկապէս ուզում եմ նշել Մհեր Զալինեանին: Երբ հանդիսատեսը թատրոն է գալիս, նա պիտի դուրս գա ամբողջովին վերափոխուած: Սա այդ թատրոններից է: