SEYAHAT FONU'NA BAŞVUR
Haberler

Ermenihaber.am. Փերինչեքը ներողություն է խնդրել քրիստոնյաների կրոնական զգացումները վիրավորելու համար

Published on 27/01/2015 under Haberler

Աստղիկ Իգիթյան
Panorama

perinçek

Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Գերագույն պալատում քննվելու է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը: Դատավարությանը որպես երրորդ կողմ ներգրավված են Հայաստանը և Թուրքիան: Հայաստանի շահերը ներկայացնելու է իրավապաշտպանների բարձրակարգ խումբ՝ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։ Ու մինչ Հայաստանում, սփյուռքում և Թուրքիայում մեծ հետաքրքրությամբ սպասում են դատավարության արդյունքներին, ինքը՝ Փերինչեքը, նախապես տոնում է իր հաղթանակը: Եվրադատարանում կայանալիք դատի նախաշեմին Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը պատասխանել է Ermenihaber.am-ի հարցերին:

Հարցազրույցը Ermenihaber.am-ի խմբագրության խնդրանքով տեղադրում ենք մեզ մոտ ամբողջությամբ, քանի որ իրենց կայքը տեխնիկական պատճառով չի աշխատում:

  • – Հետաքրքիր է իմանալ Ձեր՝ որպես իրավաբանի վերաբերմունքը ՄԻԵԴ-ին: Ինչքանո՞վ է հեղինակավոր այդ կառույցը Ձեզ համար և որչա՞փ եք պատրաստ համակերպվել դատարանի կայացրած որոշման հետ:

Դ.Փ. ՄԻԵԴ-ը միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն վայելող կառույց է: Իմ վերաբերմունքն էլ նույնն է: Եթե այդպես չլիներ, այս հայցը չէի ներկայացնի ՄԻԵԴ: Ես վստահում եմ ՄԻԵԴ-ին:

  • -Այդ դեպքում մի պահ պատկերացրեք, թե ՄԻԵԴ-ը վճիռ է կայացնում ոչ ամենևին ձեր օգտին, որոշում է, որ դուք իրավացի չեք: Պատա՞րստ եք հարգել ՄԻԵԴ-ի այդ որոշումը նույնպես:

Դ.Փ. Ես չեմ կարող դա պատկերացնել: Ես հաղթելու եմ: Դա նույն է, որ ասեք պատկերացու արևը արևելքից չծագի:

  • -Ամեն դեպքում «եթե արևը արևելքից չծագի՞»:

Դ.Փ. Այս դատարանը այս գործով մեկ անգամ արդեն իմ օգտին որոշում կայացրել է: Այդ պատճառով էլ սպասում ենք, որ այս անգամ ևս իմ օգտին կլինի որոշումը:

  • – Ինչպես գիտեք ՄԻԵԴ-ում Թուրքիան իր դեմ ներկայացված հայցերի քանակով 2-րդ երկիրն է աշխարհում և մեղմ ասած` այդքան էլ լավ համբավ չի վաստակել փաստորեն:

Դ.Փ. Այո այդպես է, բայց ես՝ անձամբ ՄԻԵԴ-ում արդեն 3 դատ եմ հաղթել, ուստի շանսերս բարձր եմ գնահատում:

  • -Պնդում եք, որ Հայոց ցեղասպանության հերքումը տեղավորվում է ձեր խոսքի ազատության իրավունքի սահմաններում: Իսկ ո՞րտեղ է ավարտվում ձեր խոսքի ազատությունը: Վերջերս հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունիի՝ Հայաստանը ներկայացնելու մասին լուրը մեկնաբանելիս թերևս «Ձեր խոսքի ազատության իրավունքից» օգտվելով թիրախ ընտրեցիք բոլոր քրիստանյաններին` ասելով «Հիսուսի կինն էլ գա, ես այս դատը հաղթելու եմ»:

Դ.Փ. Ոչ բնավ, ես չեմ ցանկացել որևէ մեկին վիրավորել, առավել ևս քրիստանյաներին թիրախ չեմ ընտրել:

  • -Այդ դեպքում ինչու եք շեշտում կոնկրետ «Հիսուսի կինը», ոչ մեկ ուրիշի:

Դ.Փ. Իրականում ես դա ասացի ու փոշմանեցի: Դա սխալ արտահայտություն էր: Ես դա ասել եմ՝ նկատի ունենալով, որ Հիսուսը կին չուներ: Ամեն դեպքում, եթե եղել են մարդիկ, ովքեր վիրավորվել են դրանից, ես ներողություն եմ խնդրում:

  • – Եթե դուք ունեք խոսքի ազատություն Ցեղասպանությունը հերքելու, կան նաև մարդիկ որոնք ունեն խոսքի ազատություն Հայոց Ցեղասպանության փաստերը ներկայացնելու և ցեղասպանությունը պատմող միջոցառումներ անցկացնելու, օրինակ հենց Թուրքիայում:

Դ.Փ. Այո, իհարկե: Նրանք էլ այդ իրավունքն ունեն:

  • – Բայց դուք և ձեր կողմից հիմնված «Թալեաթ Փաշա» կոմիտեն իր գործունեությամբ պայքարում է այս մարդկանց խոսքի ազատության իրավունքի դեմ:

Դ.Փ. Ես կարծում եմ, որ իմ գործունեությամբ չեմ վնասում նրանց խոսքի ազատությանը: Միևնույն ժամանակ կուզեմ ասել, որ այսօր մասնավորապես Թուրքիայում բոլոր հարթակները տրամադրվում են Ցեղասպանությունն ընդունողներին, ոչ թե ինձ: Թուրքիայում բոլոր հեռուստատեսությունները, հաղորդումները հրավիրում են նրանց ովքեր ասում են «եղել է ցեղասպանություն»:

  • – Ձեզ ոչ մի հաղորդման չե՞ն հրավիրում:

Դ.Փ. Դատին ընդամենը մի քանի օր է մնացել, սակայն չեն հրավիրում: Չեն հրավիրում, որովհետև Թուրքիայում բոլոր հեռուստատեսությունները ԱՄՆ-ի հսկողության տակ են:

  • – Իսկ գուցե նման հասարակական պահանջ չկա՞:

Դ.Փ. Ես Թուրքիայի համար հայկական հարցում կարևոր մարդ եմ: Վերջիվերջո հսկայական դատ եմ հաղթել, բայց չեն կանչում:

  • – Կառավարամետ լրատվամիջոցնե՞րն էլ չեն կանչում:

Դ.Փ. Ոչ, կառավարությունն էլ է ամերիկամետ: Ու այդ կառավարությունը կամաց-կամաց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ էր գնում, բայց մենք մեր գործունեությամբ այդ խաղը խափանեցինք: Ամերիկան հայկական հարցի միջոցով փորձում էլ պառակտել Թուրքիան: Այդ խաղի մեջ Էրդողանն էլ կար, բայց մենք խափանեցինք ծրագիրը:

  • – Իսկ ներկայումս՝ կոնկրետ այս դատում, կառավարությունը աջակցու՞մ է ձեզ:

Դ.Փ. Նախկինում չէր աջակցում, բայց հիմա կարծես թե որոշ չափով աջակցում է: Թեև ոչ այնքան բավարար չափով, բայց աջակցում է:

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9­-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216­րդ հոդվածով Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար` ենթարկելով նրան ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9­-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը և չէին բեկանել կայացված դատավճիռը: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ: 2013 թվականի դեկտեմբերի 17­-ին Եվրադատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Ամիսներ անց շվեյցարական կողմը դիմեց ՄԻԵԴ՝ Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: