SEYAHAT FONU'NA BAŞVUR
Haberler

Հայ և թուրք լրագրողները հեղինակել են «1965. 2015-ից 50 տարի առաջ, 1915-ից 50 տարի հետո» գիրքը

Published on 24/12/2014 under Haberler

Աստղիկ Իգիթյան
Ermeni Haber

Ստամբուլահայ լրագրող Արիս Նալջըն և թուրք լրագրող Սերդար Քորուջուն ամիսներ առաջ հանրությանը ներկայացրեցին իրենց համատեղ հետազոտության արդյունք հանդիսացող գիրքը՝ «1965. 2015 թվականից 50 տարի առաջ, 1915 թվականից 50 տարի հետո»: Նշյալ գիրքը հրատարկված է թուրքերեն:

Գրքում հեղինակներն անդրադառնում է այն հարցին, թե Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին թուրքական մամուլն ինչպես է լուսաբանել այդ թեման: Ներկայացված են աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպած Հայոց ցեղասպանության ոգեկոչումները և դրանց արտացոլումը թուրքական մամուլում: Գրքի հեղինակները «Ermenihaber.am»-ի հետ զրույցում պատմեցին իրենց համագործակցության, գրքի բովանդակության մասին:

Հարցին, թե որտեղից է գալիս հայ ու թուրք լրագրողների ընդհանուր հետաքրքրվածությունը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, հեղինակներն ասում են.

Սերդար Քորուջու

«Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրությամբ զբաղվել եմ նաև ավելի վաղ շրջանում: Ընդանուր առմամբ զբաղվում եմ Թուրքիայի ազգային բոլոր փոքրամասնությունների այդ թվում և, բնականաբար, հայերի հարցերով»:

Արիս Նալջը

«Այս թեմայով զբաղվելու մեր ընդհանուր հետաքրքվածության պատճառն այն էր, որ մենք երկուսս էլ մարդիկ ենք, ովքեր առհասարակ հետաքրքված են Թուրքիայի մամուլի պատմության մեջ կարևոր իրադարձությունների արտացոլմամբ: Իրականում թուրքական մամուլը շատ կարևոր և մինչև այժմ քիչ գործածված աղբյուր է»:

Հեղինակները օգտվել են թուրքական թերթերից արխիվներից, և գրքում տեղ են գտել բավականին հետաքրքիր փաստեր, ինչպես օրինակ. «այսպես կոչված Հայոց ցեղասպանութուն» հայտնի ժխտողական արտահայտությունը երբ և թուրքական որ թերթի կողմից է գործածվել: Հայտնի է դարձել, որ վերոնշյալ արտահայտությունը թուրքական մամուլում առաջին անգամ շրջանառության մեջ դրել է քեմալական գաղափարախոսություն քարոզող «Cumhuriyet» թերթը:Կամ ասենք ինչո՞ւ է թեման մամուլում սկսել արծարծվել ցեղասպանությունից 50 տարի անց միայն, որտեղ են կազմակերպվել ցեղասպանության զոհերի ոգեկոչման առաջին միջոցառումները:

Արիս Նալջը

«Մեր գիրքը կարդացողները տեսնում են, թե այն ժամանակվա թերթերն առաջին անգամ ինչպես են անդրադարձել Հայոց ցեղասպանության հարցին, և Թուրքիան առաջին անգամ ինչպես է հայերի ու սփյուռքի հետ առերեսվել»:

Սերդար Քորուջու

«Մենք գրքում ներկայացնում ենք նաև այն գործընթացը, թե երբ են սկսել Թուրքիայում խոսել Հայոց ցեղապսնաության մասին: Ցեղասպանությունից հետո շուրջ 50 տարի լռություն է եղել: Այդ մասին սկսել են խոսել 1965 թվականին: Զոհերի հիշատակի խնկարկման և ոգեկոչման միջոցառումները սկիզբ են առել Լիբանանի հայկական գաղթօջախից: Թուրքիայի արձագանքը այդ ամենին լինում էր ոչ թե պաշտոնյաների, այլ մամուլի մակարդակով: Ի դեպ արձագանքները տարբեր էին : Որոշները գրում էին, թե հայերն են կոտորել թուրքերին, ոչ թե թուրքերը` հայերին: Քանի որ այդ շրջանում լարվածություն կար հույների հետ Կիպրոսի հարցի վերաբերյալ, որոշները պնդում էին, որ հայերի հետ որևէ տարաձայնություն չկա, նրանց հույներն են հորդորում թուրքերի դեմ դուրս գալ»:

E45_aris2

Այն հարցին, թե թուրք ու հայ լրագրողներ հայոց ցեղասպանության մասին գիրք գրելիս որոշակի հարցերում տարաձայնություններ արդյոք չեն ունեցել, հեղինակներն ասացին, որ տարաձայնությունները եղել են բացառապես տեխնիկական բնույթի:

Արիս Նալջը

«Գրքում ցեղասպանության թեմայի մասին գրել ենք այնպես, ինչպես գրված է եղել այդ ժամանակվա մամուլում : Այսինքն մենք մամուլից մեջբերումներ ենք արել: Բայց երևույթի վերաբերյալ մեր վերաբերմունքը ներկայացրել են գրքի նախաբանում և, բնականաբար, կատարվածը որակել ենք որպես Հայոց ցեղասպանություն»:

Վերջում խոսելով իրենց ապագա պլանների մասին՝ Արսի Նալջըն ու Սերդար Քորուջուն հայտնեցին, որ ներկայումս աշխատում են նոր գրքի վրա, որը կներկայացնի ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի) գործողությունների նկատմամբ թուրքական արձագանքների պատմությունը: