SEYAHAT FONU'NA BAŞVUR
Haberler

Էրոլ Սարաֆյանը՝ թուրք քաղաքական գործիչներին նկարելու մասին

Published on 27/10/2014 under Haberler

Աստղիկ Իգիթյան /Ստամբուլ
Ermeni Haber

Հոկտեմբերի 25-ին Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Թուրքիայում բնակվող հայ նկարիչ և քանդակագործ Էրոլ Սարաֆյանի 9-րդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նախորդներից տարբերվում էր նրանով, որ այս անգամ նկարիչը, ի թիվս այլ աշխատանքների, ցուցադրության է հանել նաև թուրք քաղաքական գործիչների դիմանկարները: Ցուցադրված 45 կտավների շարքում տեղ էին գտել Քեմալ Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր), Ռեջեփ Թայիփ Էրդողանի (նախագահ), Ահմեթ Դավութօղլուի (վարչապետ), Աբդուլլահ Գյուլի (նախկին նախագահ) և Քադիր Թոփբաշի (Ստամբուլի քաղաքապետ) դիմանկարները:

Ermenihaber.am-ի հետ զրույցում Սարաֆյանը պատմել է, որ պաշտոնական նամակներ է ուղարկել վերոնշյալ գործիչներին՝ հրավիրելով մասնակցելու ցուցահանդեսի բացմանը: Սարաֆյանը մտադրություն ունի նկարները նվիրել հասցեատերերին:

Հարցին, թե արդյոք չի վախենում քննադատությունների թիրախ դառնալուց, Սարաֆյանն ի պատասխան նշել է, որ բազմիցս ենթարկվել է քննադատության, նույնիսկ եղել են դեպքեր, երբ ստիպված է եղել լքել ցուցասրահը, ուստի սպասելի է, որ այս ցուցահանդեսից հետո ևս կլինեն քննադատություններ: Նկարիչը շեշտել է, որ թուրք քաղաքական գործիչներին կտավին հանձնելիս որևէ շահ չի հետապնդել:

«Նրանց քաղաքական կարիերայի ու քաղաքական հայացքների հետ որևէ առնչություն չունեմ և չեմ էլ կարող ունենալ, քանզի ես արվեստագետ եմ, իսկ նրանք` քաղաքական գործիչներ: Իմ ու նրանց աշխարհները տարբեր են»:

Էրոլ Սարաֆյանը ծնվել է ճարտարապետների ընտանքիում 1937-ին Ստամբուլում: Բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում: Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի համար արած դիմանկարի համար Վատիկանի կողմից պարգևատրվել է մեդալով: Սարաֆյանն էլ իր այդ կտավը նվիրել է Վատիկանի թանգարանին: