SEYAHAT FONU'NA BAŞVUR
Haberler

Բացառիկ հարցազրույց Էթյեն Մահչուփյանի հետ. Էրդողանը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին

Published on 05/11/2014 under Haberler

Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ
Ermeni Haber

Վերջին օրերին թուրքական ու հայկական մամուլը ողողված է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանի նշանակման մասին լուրերով: Ու մինչ ոմանք Մահչուփյանի նշանակումը որակում են քայլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ոմանք էլ այն որակում են իբրև Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության շարունակություն, անձամբ ինքը` Մահչուփյանը, բացառում է որևէ կապ իր ազգային պատկանելության և պետական պաշտոնի նշանակման միջև: Հորդորում է իր նշանակման մեջ ինչ-որ առաքելություններ չփնտրել:

Թուրքական «Աքշամ» թերթի հոդվածագիր, գրող-հրապարակախոս, ներկայումս արդեն Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի հետ խոսեցինք իր նշանակման, գործունեության ոլորտի. հայկական ինքնության, հայ-թուրքական հարաբերությունների և այլ բազում այլ կարևոր հարցերի մասին:

  • Հայաստանում և Թուրքիայում տարբեր շրջանակներ Ձեր նշանակումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում են դիտում: Նույնիսկ ասում են, թե որոշակի առաքելությամբ եք նշանակվել:

Հայկական հարցը իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը…

Հայերը կարծում են, թե Թուրքիայում հայկական հարցն առաջնային կարևորություն ունեցող հարց է: Բնականաբար, այդպես էլ պիտի կարծեին, բայց ասեմ, որ դա այդպես չէ: Եթե Թուրքիայում առկա խնդիրների դասակարգում իրականացնենք ըստ կարևորության, ապա Հայկական հարցը միջին կարևորության խնդիր կլինի: Եթե այս պահին Թուրքիայի առջև ծառացած խնդիրների տեսակետից նայենք, ապա հնարավոր է, որ Հայկական հարցով նույնպես զբաղվեմ, քանի որ 1915-ի 100 ամյակն է: Բացի այդ մի շարք հայեր կփորձեն իմ միջոցով ինչ-որ բաներ անել: Սակայն նայելով առաջիկա տարիներին՝ կարող եմ ասել, որ Հայկական հարցն իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը: Քանի որ վերջիվերջո ես վարչապետի խորհրդականն եմ և զբաղվելու եմ վարչապետի լուծելիք խնդիրներով:

  • Իսկ այս պաշտոնում աշխատելու առաջարկ ստանալիս Դուք վարչապետի հետ Ձեր գործունեության ոլորտը քննարկե՞լ եք:

Եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը կզբաղեցնեի:

Մինչև հիմա նմանատիպ քննարկում չի եղել: Բայց պետք է ասեմ, որ վարչապետը չի ցանկանում, որ իմ հետ առնչությունը լինի մեկ կոնկրետ ոլորտում: Որքան հասկացա, իմ ոլորտն ավելի ընդհանրական կլինի: Թուրքիան վերակառուցման շրջանում է: Մեր առջև հանրապետության վերկառուցման խնդիրն է դրված: Առաջիկա 8-10 տարում ամբողջ հանրային կառույցով հանդերձ այս գործընթացն է իրականացվելու: Եվ այս գործընթացում վարչապետը կարծում է, որ որոշակի օգնության, որոշակի խորհրդակցության կարիք կունենա: Շատ հավանական է, որ եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը զբաղեցնելու էի: Այս մասին վարչապետն էլ է խոսել: Հայ լինելս սոսկ առավելություն էր, հավելյալ մի բան:

  • Դուք համարում եք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին Ձեր նշանակում պատահակնությու՞ն էր:

Դա կապված էր Դավութօղլուի վարչապետ դառնալու հետ: Եթե Դավութօղլուն անցյալ տարի վարչապետ դառնար, ես այս պաշտոնը անցյալ տարի կզբաղեցնեի: Քանի տարի է արդեն իմ գործունեությունը հայկական խնդիրներից ու կարիքներից բավականին լայն ոլորտներ է ընդգրկում, և բնականաբար ես ոլորտս նեղացնելու մտադրություն չունեմ:

  • Այսինքն լինելով հայ ու ստանձնելով այս պաշտոնը` Դուք որևէ ներքին պատասխանատվություն չե՞ք զգում կարգավորման գործընթացի մեջ Ձեր ներդրումն ունենալու կամ հայկական խնդիրներով զբաղվելու:

Կզբաղվեմ Հայկական հարցով, եթե հանձնարարեն…

Եթե լինի մի միջավայր, որտեղ ես կարողանամ որևէ ներդրում կատարել և քաղաքական դերակատարներն էլ հանձնարարեն, որ զբաղվեմ դրանով, ապա անշուշտ կզբաղվեմ: Սակայն դա այլ բան է. հանձնարարություն է, որը կկատարեմ:

  • Ինչպես գիտեք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին Երևան է հրավիրել: Ի՞նչ եք կարծում, Էրդողանը ինչպե՞ս կպատասխանի այդ հրավերին:

Եթե իրատես լինենք, ապա ես Էրդողանի Հայաստան գնալը հնարավոր չեմ համարում:

Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է իրավիճակը հասունանա և նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում: Քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատ կոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրիքան այդ ժեստը չի անի: Շատ բան կա անելու: Եվ դրանց մի մասը Թուրքիան պետք է անի, մյուս մասը՝ Հայաստանը: Եթե Հայաստանը պարզապես հրավիրի ու սպասի, ապա չեմ կարծում որ նախագահը կգնա:

  • Իսկ ո՞րտեղ է գտնվումբոլորիս հայտնի գնդակը:

Չի կարելի ասել գնդակը այս կամ այն դաշտում է: Գնդակը թափառում է: Պետք է բոլորս միասին գնդակի շուրջ օղակ կազմենք և միասնաբար գործենք:

  • Կան խոսակցություններ որ դուք նախկինում էլ ոչ պաշտոնական խորհրդատվություններ եք անցկացրել կառավարության հետ:

Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (ԱԶԿ) կապեր, շփումներ ունեմ, բայց դրանց խորհրդատվություն անվանել չի կարելի:

  • Նայելով հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա վիճակին վաղվա համար ի՞նչ կարող ենք ասել:

Ղարաբաղի հարց կա, ադրբեջանական նավթ կա…

Ճիշտն ասած ես այս տարի հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց չեմ ակնկալում: 2015ից հետո առաջընթացի հավանականությունը կաճի: 2016-ին լարվածության թուլացում կլինի: 100 ամյակի ավարտից հետո փոխըմբռնման ուղղված էներգիա կառաջանա. և դա բնականաբար կազդի նաև քաղաքականության վրա: Առանց այդ էլ հասարակությունների միջև շփումները գնալով ակտիվանում են: Ավելի շատ նախագծեր են իրականացվում : Թուրքիայում մի շարք մարդիկ հայերեն են սովորում, Հայաստանում՝ թուրքերեն : Հայաստանում շարքային քաղաքացու հայացքները Թուրքիայի հանդեպ ավելի դրական են դառնում, թուրքերն էլ եթե նախկինում իմանում էին, որ տոհմում հայ կա վշտանում էին, իսկ հիմա ընդհակառակը` ուրախանում են: Բայց կարգավորումն անմիջապես չի կարող լինել: Քանի որ Ղարաբաղի հարց կա, ադրբեջանական նավթ կա: Այս ամենը գործընթացն արգելակող գործոններ են:

  • Նախորդ հարցազրույցներից մեկում ասել եք, որ հնարավոր է ԱԶԿ-ն ևս 10 տարի մնա իշխանության ղեկին: ԱԶԿ-ի պատկերացրած նոր Թուրքիան ի՞նչպիսին եք տեսնում Դուք:

Եթե ԱԶԿ-ն գալիք ընտրություններում հաղթի կարծում եմ Թուրքիայում մթնոլորտը կհանդարտվի: Եթե դա չլինի, ԱԶԿ-ն չի կարողանա ղեկավարել երկրի բնակչության իսլամական հատվածին: Ներկայումս իսլամական հատվածն ԱԶԿ-ի սխալները ներում է, բայց չի արհամարհում: Եվ եթե այսպես շարունակվի ու ինչպես մի շարք մարդիկ ասում են, ԱԶԿ-ն ավտորիտար դառնա, ապա այդ ժամանակ այլևս անզոր կլինի ղեկավարել Թուրքիան: Ուստի ԱԶԿ-ն նախ պետք է ինքն իրեն փոխի: Եվ կփոխի, քանի որ ինքն էլ դա ցանկանում: