SEYAHAT FONU'NA BAŞVUR
Haberler

Ալժիրցի ու հայ դերասանները թուրք ռեժիսորի «Հատում» ֆիլմում

Published on 05/12/2014 under Haberler

Աստղիկ Իգիթյան
Panorama

Ալժիրցի ու հայ դերասանները թուրք ռեժիսորի «Հատում» ֆիլմում

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանած իր «The Cut» (Հատում) ֆիլմը: Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել թուրք հայտնի բազմաթիվ կինոաստղեր և ստամբուլաբնակ հայ նշանավոր դեմքեր, ինչպես օրինակ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ըստ նախատեսվածի` ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում էկրան կբարձրանա դեկտեմբերի 5-ից:

«Հատում» ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարն է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

Ermenihaber.am-ի հետ զրույցում Աքընը պատմել է ստամբուլյան ցուցադրության կարևորության, ֆիլմի թեմայի և Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի ընկալման մասին:

Հարցազրույցը` ստորև.

  • – Եվրոպական մի շարք քաղաքներում ցուցադրվելուց հետո ֆիլմը վերջապես Ստամբուլում է: Այստեղ ֆիլմի ցուցադրումը Ձեզ համար արդյո՞ք առանձնահատուկ նշանակություն ու՞նի:
    – Իհարկե, Ստամբուլում ֆիլմի ցուցադրումն ինձ համար շատ կարևոր է:
  • – Ինչու՞:
    – Որովհետև իրականում ես այս ֆիլմն այստեղի համար եմ նկարահանել, որպեսզի դիտենք, ուսումնասիրենք, ճանաչենք մեր անցյալը:
  • – Կարելի՞ է ասել, որ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, թե՞ ոչ:
    – Ֆիլմը մի հայ դարբնի պատմություն է, ով Ցեղասպանության ընթացքում կորցնում է իր ընտանիքը, ինքն էլ` աքսորվում: Սակայն նրան հաջողվում է ողջ մնալ: Տարիներ անց իմանում է, որ իր աղջիկները ողջ են, և երկար ճանապարհ է անցնում նրանց գտնելու համար: Ֆիլմի պատմությունը սա է: Ուստի, երբ ասում եմ ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, նկատի ունեմ, որ ցեղասպանության մասին պատմելու համար պետք է առնվազն 12 ժամանոց փաստագրական ֆիլմ նկարել: Իմ ֆիլմում ցեղասպանության թեման ծառայում է որպես «Background»: Սակայն ֆիլմում արծարծվող թեման ակամա տանում է դեպի Ցեղասպանություն:
  • – Հայոց ցեղասպանության հարցով ե՞րբ եք սկսել հետաքրքրվել:
    – Երիտասարդ տարիներիս: Երբ 18-20 տարեկան էի, իմացա, որ նման բան է եղել: Հետո սկսեցի ուսումնասիրել: Կարդում էի ձեռքս ընկած ամեն ինչ այդ թեմայով, փաստաթուղթ, պատմություն: Բավականին շատ չհրապարակված պատմություններ կան. կարևոր պատմություններ: Պետք է բոլորն իմանան դրանց մասին:
  • – Ըստ Ձեզ թուրք հանրությունը պատրա՞ստ է այս ֆիլմին:
    – Ինքներդ տեսաք, թե ինչ բազմություն է հավաքվել:
  • – Սպասու՞մ էիք նման արձագանքի:
    – Հույս ունեի, որ այսպես կլինի: Հիմա Թուրքիայում հանրությունը փոխվել է: Մի քանի տարի առաջ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը նույնիսկ ազատորեն չէիր կարող ասել: Իսկ այսօր նույնիսկ թերթերում են գրում: Իմ կարծիքով, դա կարևոր բան է: Այդ բառից չպետք է վախենալ: Ու բացի այդ ես այսպես եմ կարծում. «Դու չես ընդունում դա, մի ընդունիր, ես քեզ չեմ համոզում, բայց ինձ արտահայտվելու ազատություն տուր»:
  • – Ունե՞ք այդ ազատությունը: Հարցազրույցներից մեկում ասել եք՝ «Հանուն արվեստի արժե մեռնել»: Սպառնալիքներ ստանո՞ւմ եք:
    – Սկզբնական շրջանում այո, ստանում էի, իսկ հիմա լուրջ բան չկա: Միայն թե շրջապատիս մարդիկ՝ ծնողներս, ընկերներս, շարունակ անհանգստանում են ինձ համար, իսկ դա ինձ լարվածություն մեջ է գցում: Բայց այդ լարվածությունն էլ է վերահսկելի:
  • – Ըստ Ձեզ ֆիլմը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդումը կունենա՞:
    – Աստված տա, որ ունենա: Նույնիսկ եթե ֆիլմը քիչ մարդու սրտին հասնի, միևնույն է ողջ մարդկության համար դրական քայլ կլինի: Պետք է մեր «երեկը» իմանանք, որ այսօր կարողանանք առաջ քայլել: Բայց շատ մարդ չի ցանկանում իր անցյալն իմանալ:
  • – Ֆիլմը Հայաստանում ցուցադրելու ծրագրեր ունե՞ք:
    – Հայաստանից ես այս տարի ցուցադրելու հրավեր ստացա, սակայն վենետիկյան կինոփառատոնին մասնակցելու պատճառով չհասցրեցի: Աստծո հաջողությամբ 2015-ին կցուցադրվի: Կցանկանամ անպայման ֆիլմը տանել Երևան:
  • – Ֆիլմը պարունակում է հայերի նկատմամբ իրականացված դաժանությունների սարսափելի տեսարաններ և գուցե ավելացնի այն դիտող հայերի զայրույթը: Ի՞նչ կասեք հայ հանդիսատեսին:
    – Սա ցավոտ պատմություն է, բայց մեր համատեղ պատմությունն է: Այն փաստը, որ այս ֆիլմը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից, գուցե հայերի մոտ ինչ-որ չափով կարեկցանք, հանդուրժողականություն առաջացնի: Սփյուռքում ինձ հանդիպած հայերը նախ զարմանում էին, որ ֆիլմի ռեժիսորը թուրք է, ապա ասում, որ վաղուց էին սպասում նման բանի: Եղան դեպքեր, երբ ֆիլմի նկարահանման աշխատանքներում որոշ հայեր հրաժարվեցին ինձ հետ համագործակցել՝ իմանալով, որ թուրք եմ: Իհարկե բոլորը չէ, մեծամասնությունն էլ չէ, բայց եղան այդպիսի մարդիկ: Դա ինձ համար ցավալի էր: Հայերը պիտի իմանան, որ մենք բոլորս չէ, որ ժխտում ենք ու մերժում: Ամեն հասարակությունում էլ և լավ մարդիկ կան, և վատ: Հույս ունեմ ֆիլմը հայերի մոտ թուրքերի նկատմամբ դրական տրամադրվածություն կստեղծի:

Հ. Գ. Հարցազրույցից հետո, պատմելով Հայաստան կատարած իր այցելությունից, Աքընն ասաց. «Կյանքումս շատ կարևոր օրերն են եղել, բայց ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ գնացի Ծիծեռնակաբերդ»: